«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Նալբանդյան 106/1 եւ Կոմիտասի 5 հասցեների հարակից շենքերի բնակիչների ու ներկայացուցիչների հետ միասին այսօր` օգոստոսի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ քննարկել են հիշյալ հասցեներում դադարեցված քաղաքաշինական ծրագրերին առնչվող հարցեր:

«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 28-ին տեղի ունեցած առաջին քննարկման ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետի առաջարկով պայմանավորվածություն էր ձեռքբերվել` երկրորդ հանդիպման ընթացքում քննարկել կոնկրետ գաղափարներ եւ առաջարկներ` հաշտեցնելու համար բոլոր կողմերի` բնակիչների, կառուցապատողների եւ Երեւան համայնքի շահերը եւ գտնել ընդունելի լուծումներ: Այսօրվա հանդիպման ժամանակ բնակիչները պնդել են, որ համաձայն չեն իրենց բակերում բարձրահարկ շենքերի կառուցմանը, ինչը կվատթարացնի շրջակա միջավայրը եւ կվնասի կենսական պայմաններին:

«Ժառանգության» ներկայացուցիչները բարձրացրել են Երեւանում կառուցապատման հայեցակարգին ու ռազմավարությանն առնչվող հարցեր, հիմնավորումներ ներկայացրել քաղաքի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցման աննպատակահարմարության վերաբերյալ: Առաջարկվել է քաղաքի պահուստային ֆոնդերից ներդրողներին կառուցապատման համար տրամադրել այլ տարածքներ: Երեւանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրել է, որ աշխատում են նման հայեցակարգ ձեւակերպելու ուղղությամբ եւ իր հերթին շարադրել սեփական պատկերացումները դրա կապակցությամբ:

Նալբանդյան 106/1 հասցեում դադարեցված քաղաքաքաշինական ծրագրի կապակցությամբ Նարեկ Սարգսյանն առաջարկել է աշխատանքները շարունակել հավասարակշռված լուծումներ գտնելու ուղղությամբ, որոնք բնակիչների ներկայացուցիչներին կներկայացվեն հաջորդ քննարկմանը: Նա նաեւ տեղակցրել է, որ իր ուշադրության կենտրոնում է գտնվում Պուշկին 38 հասցեի հարցը եւ կառուցապատողին կոնկրետ առաջարկներ կներկայացվի օգոստոսի երկրորդ կեսին: Ծանոթանալով Կոմիտաս 5 հասցեի հետ կապված խնդիրներին, Նարեկ Սարգսյանը նշել է, որ առաջիկա օրերին ստուգայցով կլինի նաեւ նշված տարածքում` տեղում իրավիճակին ծանոթանալու եւ լուծումներ գտնելու նպատակով:  

Հիշեցնենք, որ նախորդ քննարկման ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետը Ստեփան Սաֆարյանին հայտնել էր, որ «Վիշապի կոթողներ» այգու խնդրով սպառիչ լուծում է տրված` կառուցապատողին առաջարկվել է համարժեք այլ տարածք, եւ նման լուծումները բացառված չեն նաեւ այլ վիճահարույց քաղաքաշինական ծրագրերի դեպքում եւս: