Ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղն այս տարի ընդամենը 2 ուսանող ունի, իսկ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը` 4 ուսանող` պետպատվերի շրջանակներում: Եվս 81 ուսանող ընդունվել է պետական Մանկավարժական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ:
Բուհերում նշել են, որ վիճակն անմխիթար է, անցնցում եղանակով ուսումնական տարին հաղթահարել հնարավոր չի լինի: Նախորդ տարվա 145 դիմորդի փոխարեն, այս տարի ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում հայտ է ներկայացրել ընդամենը 9 դիմորդ, սակայն 2-ն են ընդունվել:
Նախորդ տարվա 227-ի փոխարեն տնտեսագիտական համալսարանն ընդունել էր ընդամենը 15 դիմում, արդյունքում ուսանող են դարձել 4-ը: Մանկավարժական ինստիտուտից էլ փոխանցել են, որ, շատ մասնագիտությունների գծով ընդհանրապես ուսանողներ չկան:
«Բուհերի բյուջեն 80 տոկոսով ձեւավորվում է ուսանողների վարձավճարներից: Ֆինանսական խնդիրներ ունեն բոլոր ուսումնական հաստատությունները:
Իսկ սա նշանակում է, որ պայմանագրերի երկարաձգում որոշ դասախոսների հետ չի լինի»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստել է Գյումրիի Ճարտարագիտական համալսարանի տեղի մասնաճյուղի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հովհաննես Ենգոյանը:
Դասախոսական կազմի կրճատումն ու դրույքաչափերի նվազեցումը սպառնում է նաեւ պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսական կազմին:
Հիշեցնենք, որ այս վիճակի պատճառն այն է, որ այս տարի դպրոցները շրջանավարտներ չեն ունեցել` կապված միջնակարգ 12-ամյա կրթական համակարգի անցնելու հետ:




























