Գյումրիի զինվորական հոսպիտալն, ամենայն հավանականությամբ, կփակվի: Հիվանդանոցը, որն ի սկզբանե նախատեսված է եղել Գյումրիում բնակվող ռուս զինծառայողների ու նրանց ընտանիքիների համար, ֆինանսավորել է ռուսական կողմը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, Ռուսաստանի կառավարությունը դադարեցրել է ֆինանսավորումը եւ այդ կառույցը մոտ ապագայում կփակվի: Այն Գյումրիում աշխատանքով էր ապահովում շուրջ 180 մարդու, որից 100-ից ավելին գյումրեցիներ էին:
«Ես հանդիպել եմ հոսպիտալի պետի, տեղակալի, բուժծառայության պետի հետ եւ կարող եմ ասել, որ, այո, հոսպիտալը փակվում է, կամ կարելի է ասել, որ արդեն փակվել է, քանի որ այնտեղ վիրահատություններ այլեւս չեն կատարվում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա նշել է նաեւ, բազմաթիվ մասնագետ կադրեր գործազուրկ են մնացել եւ դիմում են առողջապահության Շիրակի մարզային վարչություն` աշխատանքի տեղավորվելու համար, սակայն, ըստ վարչության պետի, նման թվով մասնագետների իրենք տեղավորել չեն կարող:
«Հարցրել եմ, թե ինչո՞ւ է փակվում, ի՞նչ պետք է անեն զինվորները, նրանց ընտանիքները, չէ՞ որ հիվանդանոցը հիմնականում ՌԴ քաղաքացիների, զինվորականների համար էր, ասում են` նոր հիվանդանոց է վերակազմավորվելու: Եթե նորն են վերակազմավորելու, այ դեպքում ինչո՞ւ են ցրում հին կադրերին, անհասկանալի է»,-ասել է Հովհաննես Հովհաննիսյանը:



























