Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, փոխվել են միանգամից հինգ ՔԿՀ-ների պետեր:
Արդարադատության նախարարության աղբյուրը NEWS.am-ին հայտնեց, որ աշխատանքից հեռացվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Մարատ Գրիգորյանը ծառայությունում թերացման համար: Վերջինիս փոխարեն նշանակել են «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Արամ Սարգսյանին:
«Հրազդան» ՔԿՀ-ի պետ է նշանակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը: Ի դեպ, այս նշանակումը փաստացի պաշտոնի իջեցում է համարվում:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ է նշանակվել քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Գենադի Սարգսյանը: Վերջինիս տեղում նշանակվել է «Էրեբունի» ՔԿՀ պետ Հովհաննես Պետրոսյանը:
«Էրեբունի» ՔԿՀ պետի պաշտոնում Հ.Պետրոսյանին կփոխարինի «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանը: Ի դեպ, մեր աղբյուրը նշեց, որ նոր պետ է նշանակվելու նաեւ «Կոշ» ՔԿՀ-ում, սակայն նրա անունը առայժմ հայտնի չէ:




























