Շվեյցարական Dufry ընկերությունը գնել է Duty free խանութները «Զվարթնոցում» եւ Corporacion America-ի 20 օդանավակայաններում, որոնք պատկանում են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Գործարքի ընդհանուր գումարը, ըստ Ուրուգվայի El Pais թերթի, կազմում է 957 միլիոն դոլար: Այդ մասին տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում հաստատել է նաեւ «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:
Ինչպես նշվում է Էդուարդո Էռնեկյանի հոլդինգի հաղորդագրության մեջ, վաճառված բիզնես-միավորները վերջին տարում լավ դինամիկա են ցուցադրել եւ երկնիշ եկամուտ են արձանագրել: Շվեյցարական ընկերությունը իր հերթին հաղորդել է, որ 2011թ. 12-ամսյա համախառն եկամուտը կազմել է 395 մլն դոլար:
Գնումը բաժանվելու է երկու մասի: Առաջին մասում ընդգրկվելու են խանութները լատինաամերիկյան օդանավակայաններում` 8 հազար քառ.մ ընդհանուր տարածքով, մյուսում` երկու օդանավակայանները Ուրուգվայում, Էկվադորի Գուայակիլեում եւ Երեւանի «Զվարթնոցում»:
Dufry-ի գործադիր տնօրեն Խուլիան Դիասը հայտնել է, որ իրենց գնած ձեռնարկությունները ոլորտում լավագույններից են: Ընկերությունը 1160 խանութներ ունի օդանավակայաններում, նավահանգիստներում եւ զբոսաշրջային օբյեկտներում:




























