Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարին կից կստեղծվի խորհրդակցական մարմին` կապի ոլորտի քաղաքականությունը մշակելու, ինչպես նաեւ առկա խնդիրները համատեղ լուծելու նպատակով:
Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր` օգոստոսի 8-ին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ կապի ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, նախարար Մանուկ Վարդանյանը` բջջային կապի եւ ինտերնետային կապի ծառայություններ մատուցող ընկերությունների, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտին անչվող մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորել են կապի ոլորտում նախարարություն-մասնավոր հատված համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել հաճախակի կազմակերպել նման հանդիպումներ:
Նախարար Մ. Վարդանյանը ոլորտում առկա խնդիրների լուծման համար առաջարկել է ներկայացնել կոնկրետ տարբերակներ` քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով: Մ.Վարդանյանը դիմել է ներկաներին` նախարարությունում կապի ոլորտում կադրերը մասնագետներով համալրելու առաջարկությամբ:



























