«Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի երեկվա ելույթը հօդս ցնդեցրեց այն միտքը, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան»,- այսօր` հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Նրա խոսքով, իրենք առաջ էլ գիտեին այդ մասին, բայց երեկ թուրքական խորհրդարանում հնչած հայտարարությունները հաստատեցին, որ ՀՀ իշխանություններն այլեւս հետդարձի ճանապարհ չունեն։

«Ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ կան եւ այն էլ երեքը՝ Ցեղասպանության ժխտում, տարածքային պահանջներ ներկայացնելու անհնարինություն եւ ղարաբաղյան հիմնախնդրի լուծում՝ ի օգուտ Ադրբեջանի։ Թուրքիան ՀՀ իշխանություների հանդեպ քթից ման ածելու քաղաքականություն է իրականացնում եւ ամեն ինչ անելու է , որ ստիպի հայկական կողմին վավերացնել Ղարսի պայմանագիրը»,-նշեց Արամ Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ իրենք արձանագրությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան են դիմելու։

Նրա համոզմամբ, Հայաստանում բոլորը, այդ թվում նաեւ իշխանությունները, մտահոգված են արձանագրությունների վավերացման հարցով. դրա ապացույցը ԱԺ-ում նախատեսված քվերակությունը փակ գաղտնի կերպով անցկացնելու միտքն է։

Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունները վավերացնելու գործընթացին , ապա ՆԺԿ առաջնորդի կարծիքով, դա մեծապես կախված է ԱՄՆ ճնշումներից, բայց ամեն դեպքում դրանք թուրքական խորհրդարանում չեն վավերացվի այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հարցում տեղաշարժ չի նկատվել։