Ապամոնտաժման սպառնալիքի տակ հայտնված շուրջ 3000 կրպակատերերի բողոքի ակցիան նոր թափ է հավաքում` ի դեմս դրան միացող նորանոր խմբերի:

Այսօր` օգոստոսի 8-ի առավոտյան ժամը 9:00-ից Երեւանի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել ոչ միայն Փափազյան, այլեւ Աբովյան փողոցի, Մաշտոցի պողոտայի ու Երեւանի այլ վարչական շրջանների շուրջ 100 կրպակատերեր, որոնց հետ էին նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:

Դեռեւս օգոստոսի 2-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պաշտոնապես դիմել էր Երեւանի քաղաքապետին` առաջարկելով առժամանակ ձեռնպահ մնալ կրպակների հարկադիր ապամոնտաժման աշխատանքներից ու քաղաքապետարանում շահագրգիռ անձանց ու կրպակատերերերի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել խնդրի քննարկում:

Պատգամավորը առաջարկել էր այդ քննարկման ընթացքում ուսումնասիրել վարձակալության պայմանագրերը թարմացնելու (որոշների ժամկետներն ավարտվել են, եւ ամիսներ շարունակ համապատասխան վարչական շրջանները առանց հիմնավորումներ ներկայացնելու հրաժարվում են երկարացնել ժամկետները), ոչ լիարժեք հիմքերով պայմանագրերը իրավական առումով պատշաճ տեսքի բերելու, եւ բոլորի համար 2015թ. դեկտեմբերի 31-ը վերջնաժամկետ սահմանելու («Երեւանի քաղաքապետի որոշումների հիման վրա վարձակալության պայմանագրի ժամկետների կանոնակարգման մասին» Երեւանի քաղաքապետի 22 նոյեմբերի 2006թ. թիվ 2005-Ա որոշումը, որի 2.1.կետով անորոշ ժամկետով վերակնքված պայմանագրերի գործողության հնարավոր առավելագույն ժամկետ է ամրագրված 2015թ-ի դեկտեմբերի 31-ը) տարբերակները: 

3 ժամ շարունակ զորակցելով կրպակատերերին` «Ժառանգության» պատգամավորները մասնակցել են Երեւան քաղաքի ավագանու` ժամը 12:00-ին գումարված արտահերթ նիստին, որի վերջում Անահիտ Բախշյանը ավագանուն առաջարկել է քննարկել հարցը: Երեւանի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հարցը նախնական կարճ քննարկել իր սենյակում, որտեղ տեղեկացրել է, որ ի պատասխան «Ժառանգության» պաշտոնական առաջարկի` պատշաճ կարգով գրություն կուղարկվի առաջիկա երկու օրերին քաղաքապետարանում հարցի քննարկման մասին: Կարճատեւ հանդիպման ավարտին պատգամավորները հորդորել են Երեւանի քաղաքապետին` մինչեւ քննարկումը եւ լուծումներ գտնելը ձեռնպահ մնալ հարկադիր ապամոնտաժման գործողություններից:

Տեղեկացնելով հանդիպման մասին բողոքող կրպակատերերին` «Ժառանգության» պատգամավորները հորդորել են նախապատրաստվել քննարկմանն ու իրենց կազմից ընտրել ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն նրանց շահերը:

Նույն հարցով պատգամավորներ Սաֆարյանին եւ Բախշյանին ընդունել է Կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա նշել է, որ դիմումը ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան` քննության առնելու եւ արդյունքների մասին թե դիմողներին, թե կառավարության աշխատակազմին տեղյակ պահելու ակնկալիքով: