Համաշխարհային ֆինանսական էլիտան այս շաբաթ հավաքվել էր Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, եւ մռայլ գլոբալ տնտեսական հեռանկարները քննարկման գլխավոր թեմաներն էին, գրում է CNBC-ը։
Ամբողջ աշխարհում ինֆյլացիան կտրուկ աճել է, սննդամթերքի եւ էներգիայի գները կտրուկ աճել են ռուս-ուկրաինական պատերազմի, ինչպես նաեւ համավարակի պատճառով։
Սա ստիպել է կենտրոնական բանկերին խիստ դրամավարկային քաղաքականություն սկսել տնտեսական ակտիվության դանդաղեցման ֆոնին։
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ գների աճը սկսել է տարածվել բազային տնտեսության վրա՝ հավելյալ ռիսկեր ստեղծելով գլոբալ աճի համար եւ գլխացավանք առաջացնելով կենտրոնական բանկերի համար, որոնց առաջ խնդիր է դրված խստացնել դրամավարկային քաղաքականությունը՝ ինֆլյացիան զսպելու համար։
Լիբերալ ֆինանսիստ միլիարդատեր Ջորջ Սորոսն իր ելույթում նշել է Չինաստանի՝ «զրոյական քովիդ» քաղաքականությունը եւ դրա հետ կապված սահմանափակումները, որոնք, ըստ նրա, Չինաստանի տնտեսությունը մղել են «ազատ անկման»՝ սկսած մարտ ամսից:
Անդրադառնալով Caixin գնումների մենեջերների ինդեքսի վերրջին կտրուկ անկմանը՝ Սորոսն ասել է, որ «Չինաստանում տնտեսական ակտիվության կտրուկ անկումը» կհանգեցնի համաշխարհային տեմպերի դանդաղեցմանը, եթե իշխանությունները չփոխեն ուղղությունը։
«Բացի անշարժ գույքի ճգնաժամից, վնասն այնքան մեծ կլինի, որ կազդի համաշխարհային տնտեսության վրա։ Մատակարարման շղթաների խաթարման դեպքում համաշխարհային գնաճը կարող է վերածվել համաշխարհային դեպրեսիայի»,-ասել է նա։
Citigroup-ի գործադիր տնօրեն Ջեյն Ֆրեյզերն իր ելույթում նշել է, որ «ավելի մտահոգիչ է Եվրոպան, որը գտնվում է մատակարարման շղթայի փոթորիկների, էներգետիկ ճգնաժամի մեջ եւ ուղղակիորեն մոտ Ուկրաինայում տեղի ունեցող որոշ վայրագություններին»:
Հարցին, թե արդյոք Եվրոպան կկանգնի ռեցեսիայի առաջ, Ֆրեյզերը միանշանակ պատասխանել է. «Այո, եւ հուսով եմ, որ սխալվում եմ»:
Նա պնդում էր, որ Ասիայում երկրները հիմնականում դուրս են գալիս համավարակից՝ «լավատեսության մեծ զգացումով»:
Պարենային ապրանքների գների աճը որպես հիմնական սպառնալիք նշել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան։ Նա նշել է, որ տնտեսական հորիզոնը «մթագնել է» ռուս-ուկրաինական պատերազմի եւ ֆինանսական պայմանների, դոլարի ուժեղացման եւ Չինաստանում աճի դանդաղեցման պատճառով։
«Մենք կարող ենք կրճատել բենզինի սպառումը, երբ տնտեսական աճը դանդաղում է, բայց մենք պետք է ամեն օր սնվենք, եւ ողջ աշխարհում մատչելի գներով սննդամթերքի հասանելիության անհանգստությունը հասնում է բեկման կետի»,-ասել է Գեորգիեւան։
ԱՄՀ-ի գնահատմամբ՝ 2022 թվականին համաշխարհային աճը 6,1 տոկոսից կդանդաղի մինչեւ 3,6 տոկոս։
Եվրոգոտում գնաճը ապրիլին հասել է ռեկորդային մակարդակի, երբ 19 անդամ ունեցող տարածաշրջանը ֆիքսել է սպառողական գների տարեկան 7,5 տոկոս աճ եւ ճնշում գործադրել Եվրոպական կենտրոնական բանկի վրա՝ սկսելու տոկոսադրույքների բարձրացումը: ԵԿԲ ղեկավարներն այս շաբաթ հուլիսյան հանդիպման ժամանակ որոշում են կայացրել՝ հօգուտ տոկոսադրույքների բարձրացման։
«Մենք հստակ տեսնում ենք Ուկրաինա ռուսական ներխուժման հետեւանքները։ Սա ցնցող է ամբողջ աշխարհի համար, եւ համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը զգալիորեն վերանայվել է»,-CNBC-ին ասել է Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:
«Այն, թե ինչպես ենք մենք վարում այս անցումային փուլը, կարեւոր կլինի ռեցեսիայից խուսափելու համար»,-ասել է նա։
Սակայն եվրոպական առաջատար ընկերությունների ղեկավարներն ավելի հոռետես են։ AXA-ի գործադիր տնօրեն Թոմաս Բուբերլը CNBC-ին ասել է, որ Եվրոպայում ռեցեսիայի ռիսկը «շատ ավելի բարձր է», քան ԱՄՆ-ում, եւ որ դաշինքի համար տնտեսական մթնոլորտը միայն կվատթարանա:
Covestro-ի գործադիր տնօրեն Մարկուս Շթայլեմանն ասել է, որ ինֆլյացիոն միջավայրը եւ սպառողների վստահության անկումը նշանակում է Եվրոպայում ռեցեսիայի «մեծ հավանականություն»:





























