Չինական յուանի եւ ռուսական ռուբլու առեւտուրն աճել է ավելի քան 1000 տոկոսով՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, գրում է Bloomberg-ը։

Փետրվարի վերջին պատերազմի սկզբից ի վեր յուանի եւ ռուբլու ամսական առեւտրի ծավալներն աճել են 1067 տոկոսով եւ կազմել 4 միլիարդ  դոլարից մի փոքր պակաս:

Չինաստանի առեւտուրը Ռուսաստանի հետ մարտին տարեկան կտրվածքով աճել է 12 տոկոսով, ինչը ավելի արագ է, քան մնացած աշխարհի հետ առեւտուրը: Ռուսական ներմուծումը Չինաստանից նվազել է, սակայն հակառակ ուղղությամբ առեւտուրն արագացել է, ինչը, հավանաբար, արտացոլում է էներգակիրների բարձր գները:

Ապրիլին Ռուսաստանը հայտարարել է, որ ակնկալում է, որ մինչեւ 2024 թվականը Չինաստանի հետ առեւտրաշրջանառությունը կկազմի 200 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա մոտ 150 միլիարդ դոլարի դիմաց:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցները եւ Մոսկվայի կողմից սահմանված կապիտալի խիստ վերահսկողությունը հանգեցրել են ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքի կտրուկ անկման: Bloomberg-ը հայտնել է, որ դոլար-ռուբլի զույգի առեւտրի ծավալն ընկել է մինչեւ վերջին տասնամյակի ամենացածր մակարդակը: