Անհրաժեշտ է մրցույթին ներկայացված եւ ներհամայնքային օգտագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համապատասխան տեխնիկական պայմանների առկայության պարտադիր պահանջ սահմանել՝ սահմանափակ հնարավորություններով անձանց հասանելի լինելու համար։
Այս մասին մայիսի 31-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։ Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է թույլատրել սահմանել մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջշրջանային եւ միջպետական փոխադրումների կազմակերպման համար մրցույթի դրված նվազագույն թվով մեքենաներ։
«Փոփոխությունները կարգավորում են երթուղիների կազմակերպման ժամանակ հաշմանդամներին օգնություն տրամադրելու գործընթացը, հստակեցնում են վարորդների պարտականությունները այս կատեգորիայի ուղեւորներ տեղափոխելիս եւ սահմանում են ավտոկայանատեղերի կազմակերպման մատչելիության չափանիշներին համապատասխանության պահանջ»,- ասաց Բաթոյանը։ Ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակի՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտի հասանելիությունն ամենակարեւոր հարցերից է։ «Առանց համապատասխան հասարակական տրանսպորտի հասանելիության՝ հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես չեն կարողանա լիարժեք մասնակցել հասարակական կյանքին»,- պարզաբանել է պատգամավորը։
Կառավարությունն իր հերթին դրական դիրքորոշում է ներկայացրել։ Այնուամենայնիվ, գործադիր իշխանությունն առաջարկել է երկարացնել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը, քանի որ մեքենաները եւ ավտոկայանատեղերը պետք է հարմարեցվեն սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց պահանջներին: Որոշ քննարկումներից հետո օրինագիծը դրական եզրակացություն ստացավ մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։





























