Ռուսական նավթի եվրոպական փուլային էմբարգոն Ռուսաստանին ժամանակ է տալիս՝ ծավալները վերուղղորդել ասիական հաճախորդներին առաջիկա վեց ամիսներին, նշել են վերլուծաբանները եւ թրեյդերները, գրել է Reuters-ը։
Եվրամիությունը հայտարարել է, որ մտադիր է մինչեւ տարեվերջ 90 տոկոսով կրճատել ռուսական նավթի ներկրումը, բայց ավելացրել է, որ մինչեւ այդ խողովակաշարով եւ ծովով մատակարարումները կմնան պատժամիջոցներից դուրս։
ԵՄ ռուսական նավթի մատակարարումների երկու երրորդն իրականացվում է լցանավերով, մեկ երրորդը՝ «Դրուժբա» խողովակաշարով։
«Չնայած Եվրամիության հայտարարած միջոցները սարսափազդու են թվում, մենք ռուսական նավթային հատվածը հաշմող ներգործություն չենք տեսնում՝ ոչ շտապ, ոչ էլ կես տարի հետո։ Ռուս նավթարդյունահանողները ժամանակ ունեն՝ լուծելու լոգիստիկայի հետ կապված խնդիրները եւ փոխելու հաճախորդների բազան»,- ասել են ռուսական ներդրումային «Սինարա» բանկի վերլուծաբանները։
Նրանք նշել են, որ Ասիան արդեն գնում է ավելի շատ ռուսական նավթ, քան Եվրոպան, այն դեպքում, երբ 2021թ. վերջին Եվրամիությանը բաժին էր ընկնում ռուսական նավթի արտահանման 60 տոկոսը՝ օրական մոտ 3 միլիոն բարել (5 միլիոնից)։
Ըստ վերլուծաբանների՝ ԵՄ մատակարարումների ծավալները մարտից նվազել են՝ հասնելով օրական 2,25 մլն բարելի (օրական 1,5 մլն բարել ծովով եւ 750 000 բարել «Դրուժբա» խողովակաշարով), ընդ որում՝ նախկին մատակարարումների մի մասը վերուղղորդվել է Չինաստան եւ Հնդկաստան։
Մոսկովյան BCS Global Markets ընկերությունը հայտարարել է, որ Եվրոպային մի քանի տարի է պետք, որպեսզի նավթի այլըտրանքային աղբյուրների բավականաչափ քանակություն գտնի եւ ստեղծի անհրաժեշտ ենթակառուցվածք ռուսական մատակարարումները փոխարինելու համար, այն դեպքում, երբ Ռուսաստանից նավթի եւ նավթամթերքների ներմուծման արգելքը դժվար կլինի գործողության մեջ մտցնել առաջիկա վեց-ութ ամիսներին։
«Մենք սպասում ենք, որ նավթի եւ նավթամթերքների մեծ ծավալները (Ռուսաստանից) կշարունակեն գալ Եվրոպա՝ կամ բաց, կամ գորշ սխեմաներով, մեկ կամ երկու տարի հետո»,- նշվել է հաղորդագրությունում։
ԵՄ-ի էմբարգոն քննարկվում էր այն ժամանակվանից, երբ մարտի սկզբին նման միջոցներ մտցրեց Միացյալ Նահանգները։
«Մենք պատրաստվելու ժաամանակ ունեինք»,- ասել է զրուցակիցը ռուսական նավթային ընկերությունում։ «Իհարկե, ԵՄ-ի էմբարգոն կարող է հանգեցնել նավթի արդյունահանման եւ վերամշակման ծավալների նվազման, բայց ես կարծում եմ, որ մեկ տարի հետո էֆեկտը կհասցվի զրոյի»։
Նավթի արդյունահանումը Ռուսաստանում կայուն մնաց՝ չնայած առեւտրի եւ ֆինանսավորման հետ կապված դժվարություններին, որոնք պայմանավորված էին արեւմտյան պատժամիոջցներով։
Նավթարդյունահանումն այս ամիս, մարտի եւ ապրիլի նվազումից հետո, ավելացել է, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով իր աղբյուրին։
Եվրոպայի համար նախատեսված ծավալները կարող են վերուղղորդվել Ասիա, առաջին հերթին՝ Հնդկաստան։ «Ռուսաստանի համար մեծ ցնցումներ չեն լինի»,- ասել է նա։ «Հնդկաստանն առայժմ ամբողջը վերցնում է։ Չինաստանի հարցում համոզված չեմ, թե ինչպես այնտեղ կզարգանա իրավիճակը COVID-ի հետ կապված»։
Մեկ այլ աղբյուր նշել է, որ արգելքի հետեւանքները լուրջ կլինեն։ «Մինչեւ վերջ չնահանջելու ակնհայտ հավանականություն կա»,- ասել է նա։





























