Հունիսի 1-2-ը Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում անցկացվում է WAMAS-2022 մենթալ թվաբանության ամենամյա միջազգային օլիմպիադան: Հատկանշական է, որ Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ը այս տարի համընկել է այս մանկապատանեկան օլիմպիադայի բացման հետ:
Այս տարի օլիմպիադային իր մասնակցությունն է ունենալու 19 երկիր։ Հայաստանը ներկայացնում է «Աբակ» ակադեմիայի 13 սան, այդ թվում՝ Abac Kids - Արմավիր-ից մեկ սան։ Մասնակիցների ընդհանուր թիվը 300-ն է։
«2016 թվականին մեր ջանքերով մենթալ թվաբանության մշակույթը մուտք գործեց Հայաստան ու սկսեց տարածվել համայնքներով ու մարզերով: 2018 թվականից սկսած արդեն 6-րդ անգամ «Աբակ»-ի սաները հնարավորություն են ստանում իրենց ուժերը փորձել միջազգային հարթակներում,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԲԱԿ կենտրոնի հիմնադիր Նարինե Բալայանը:
Կենտրոնի համահիմնադիր Դիանա Հովհաննիսյանի խոսքով ԱԲԱԿ-ի սաները ամեն տարի գրանցել են հիանալի արդյունքներ, վերադարձել հայրենիք սուպերչեմպիոնական եւ չեմպիոնական տիտղոսներով. «Հուսով ենք՝ այս տարի եւս կունենանք գոհացնող արդյունքեր, չնայած՝ մենք միշտ մեր բոլոր սաներին հիշեցնում ենք, որ անկախ արդյունքերից նրանք հաղթող են, քանի որ արտերկրում Հայաստանի դրոշը ծածանելու հնարավորություն ստանալն արդեն իսկ մեծ հաղթանակ է»:






























