Հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն մտադիր է Կիեւում սեփական հայկական ռեստորանը բացել:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, այս մասին հայկական արմատներ ունեցող, ռուսական էստրադայի աստղը լրագրողներին հայտնել է Ղրիմում, Օրլովկա ավանում:
Այդ բնակավայրում էին հավաքվել ռուսական շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր` մասնակցելու «Ոսկո գրամոֆոն-Ուկրաինա» մրցանակաբաշխության արարողությանը:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Ռուսսոն ժամանել էր Երեւան, որտեղ մամուլի ասուլիսում հայտնել էր, որ մտադիր է հայերեն երգերով ալբոմ թողարկել: Նա նշել էր, որ արդեն 4 երգերի համար երաժշտություն է գրել, բայց դեռ բառերը չկան: Ռուսսոն ցանկանում է նաեւ վերակենդանացնել հին հայկական երգերը:
Երգիչը խոստովանել էր, որ շատ է սիրում հայկական երգերը եւ իր համար միշտ երգում է հայկական մոտիվներով երգեր:
Ռուսսոն հայտնել էր, որ 4 տարեկան դուստր ունի` Էմանուելան: «Նա արդեն խոսում է հայերեն եւ անգամ երգում է: Դստերս հայերեն սովորեցնում է տատիկը` մայրս»,- նշել էր երգիչը, հավելելով, որ դստեր համար արդեն առաջին տեսահոլովակն է նկարահանել` ռուսերենով: «Երգը կոչվում է «Սերաֆինա»,- ամփոփել էր նա:




























