Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Ժան Կլոդ Տրիշեն «պատշաճ մակարդակով»  աշխատանքներ է ակնկալում Իտալիայի եւ Իսպանիայի կառավարություններից, ովքեր ճգնաժամի շրջանում նշանակալի պարտավորություններ են ստանձնել, հաղորդում է իտալական La Stampa-ն: Հիշեցնենք, որ երեկ ԵԿԲ-ն  մի քանի հարյուր մլն եվրոյով գնել է Իտալիայի եւ Իսպանիայի պետական պարտատոմսերը:

«Առաջիկա օրերին մենք Իտալիայի կառավարությունից ակնկալում ենք մի շարք  որոշումների ընդունում եւ նորմալ ֆինանսական բալանսին վերադարձի գործընթացի արագացում: Նույնը մենք խնդրել ենք նաեւ Իսպանիայի կառավարությանը», -հայտարարել է Տրիշեն:

Խոսելով 17 եվրոպական կառավարությունների մասին` Տրիշեն նրանց կոչ է արել արագացնել  հուլիսի  21-ին  Բրյուսելում եվրագոտու երկրների գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարումը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ որոշում էր ընդունվել միջոցներ հատկացնել պարտքային բարձր բեռի տակ գտնվող եվրոպական երկրների տնտեսությունների ֆինանսական առողջացման համար: