Չինաստանը կտրականապես դեմ է ամերիկա-թայվանական առեւտրային նախաձեռնության մեկնարկին, հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարությունը՝ հավելելով, որ Չինաստանի կառավարությունը դեմ է Թայվանի եւ այլ երկրների միջեւ պաշտոնական շփման ցանկացած ձեւի:
«ԱՄՆ-ը պետք է զգույշ լինի Թայվանի հետ առեւտրատնտեսական կապերի հարցում, որպեսզի կեղծ ազդանշան չուղարկի թայվանցի անջատողականներին»,- առցանց ճեպազրույցում ասել է նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը։
«Չինաստանը միշտ դեմ է ցանկացած երկրի եւ Չինաստանի թայվանական տարածաշրջանի միջեւ պաշտոնական փոխանակման ցանկացած ձեւի, ներառյալ ցանկացած տնտեսական եւ առեւտրային համաձայնագրերի ստորագրմանը, որոնք ունեն ինքնիշխան ենթատեքստ եւ պաշտոնական բնույթ են կրում»,- ասել է Ֆենը:
«Ամերիկա-թայվանական առեւտրային նախաձեռնությունը 21-րդ դարում»-ը հետեւում է անցյալ շաբաթ ԱՄՆ-ի եւ ասիական 12 երկրների միջեւ հայտարարված առեւտրային գործարքին, որը չի ներառում Թայվանը:
Թայվանի հետ բանակցությունները չեն վերաբերի մաքսատուրքերին կամ շուկա մուտք գործելուն՝ հարցեր, որոնք պահանջում են Կոնգրեսի հաստատումը, ասել են ԱՄՆ պաշտոնյաները:
ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչի հայտարարության մեջ ասվում է, որ «երկու կողմերն էլ կաշխատեն բանակցությունների հավակնոտ ճանապարհային քարտեզ մշակելու ուղղությամբ՝ բարձր մակարդակի պարտավորություններով եւ տնտեսապես իմաստալից արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»:





























