LG Electronics ընկերությունը հայաստանյան գործընկեր ԱՐԱՅ ընկերության հետ համատեղ այսօր՝ օգոստոսի 9-ին, Երեւանում ներկայացրեց Cinema 3D հեռուստացուցային արտադրանքի շարքը: Հեռուստացույցը, ըստ էության, մեդիա վերլուծաբանների այն կանխատեսումների փաստացի վկայությունն է, որ հեռուստատեսությունը շուտով ինտեգրվելու է ինտերնետին:
Cinema 3D-ն համակարգչի լայն հնարավորություններով օժտված հեռուստացույց է, որը կարող է միեւնույն ժամանակ լիարժեքորեն ծառայել նոթբուքի կամ պորտատիվ համակարգչին, որպես մոնիտոր: 3D տեխնոլոգիայում արդյունավետ լուծումներ գտած LG-ն կարողացել է նոր մոդելների 3D պատկերի որակը էապես բարելավել, ինչպես նաեւ եռաչափ պատկերը դիտելու նոր ակնոցներ ստեղծել:
Տարբերությունն արդեն լայն կիրառում գտած փակաղակային ակնոցների նկատմամբ այն է, որ LG-ն օգտագործում է պատկերի բեւեռացման տեխնոլոգիան, որն արդեն բացարձակ անվտանգ է, եւ անցանկալի երեւույթների չի հանգեցնում հեռուստադիտողի համար:
Հիշեցնենք, որ փակաղակային ակնոցները բարձր հաճախականությամբ փակվում բացվում են, ինչի արդյունքում ստեղծվում է եռաչափ պատկերի ընկալում, բայց որոշ մարդկանց մոտ այն սրտխառնոց եւ գլխացավ է առաջացնում մոտ մեկ ժամ օգտագործելուց հետո:
Բացի դրանից, փակաղակային ակնոցները բավականին թանկարժեք են՝ մոտ ութսուն հազար դրամ (վաճառակետերում առաջարկվող հիմնականում չինական արտադրության էժանագին 3D ակնոցներն ընդհանրապես վտանգավոր են տեսողության համար), իսկ LG-ի նոր՝ բեւեռացվող պատկերի տեխնոլոգիայով պատրաստված ակնոցների գինը մոտ է տասը դոլարին համարժեք դրամի:
«LG-ն 50 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություն է, որը տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար տրամադրում է նորագույն տեխնոլոգիաների հետազոտման եւ ներդրման համար», -հեռուստացույցի երեւանյան ցուցադրությանն ասաց LG Electronics ընկերություն Պարսից ծոցի ազատ տնտեսական գոտու նախագահ Հյունգ Շիկ Պայկը՝ նշելով, որ հայաստանյան սպառողին առաջարկվող եռաչափ հեռուստացույցը տեխնիկական չափանիշներով եւ պատկերի որակով լավագույն է աշխարհում:
«Այս գնահատականը մեր ընկերությունը չի տվել:
Նման գնահատական է տվել 3D տեխնոլոգիայի զարգացման համար մեծ ներդրում ունեցող, հանրահայտ «Ավատար» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը եւ այլ հայտնի մարդիկ ու հեղինակավոր կազմակերպություններ»,- նշեց Պայկը:
Նոր հեռուստացույցի հեռակառավարման վահանակի ֆունկցիաները նմանեցվել են համակարգչի մկնիկի ֆունկցիաներին: Առանձին ուշադրություն է հատկացվել սոցիալական ցանցերը հեռուստացույցով օգտագործելու վրա, իսկ ակտիվ սենսորային լուսադիոդային էկրանը թույլ է տալիս օգտագործել այն, որպես գրատախտակ:
Cinema 3D հեռուստացույցների շարքը աջակցում է նաեւ LG Smart TV տեխնոլոգիան: Այսինքն՝ LG-ին հեռուստացույց է ստեղծել, որը ֆունկցիոնալ առումով շատ նման է պլանշետ համակարգիչներին կամ սմարթֆոններին:
«Հայաստանյան օգտոգործողին հասանելի կլինի LG Smart TV ցանցում առկա բոլոր ծրագրերն ու ծրագրային հավելումները, սակայն մենք պատրաստ ենք նաեւ աջակցել հայաստանցի ծրագրավորողներին, եթե նրանք ծրագրային հավելումներ գրեն, ապա մենք պատրաստ ենք տեղադրել դրանք մեր սերվերների վրա»,- ասաց Պայկը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Նշենք, որ հեռուստացույցի ցանցային հնարավորություններն օգտագործելու համար անհրաժեշտ է բարձր արագությամբ ինտերնետ կապ:
Հայաստանյան ինտերնետային խոշոր պրովայդերներից «Արմենտելն» արդեն հայտարարել է, որ առաջիկայում լայն սպառման համար կգործարկի VDSL տեխնոլոգիան, որի արագությունը կլինի 40 Մբիթ, ինչը բավարար է առցանց Full HD ձեւաչափով հաղորդումներ եւ ֆիլմեր դիտելու համար:
Կա նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք: Հայաստանում, ի դեմս Smart TV-ի, նոր շուկա է առաջարկվում, եւ ցանկալի կլիներ, որ հայկական հեռուստաալիքները ծրագրային ապահովման ձեւով արագ արձագանք տային, հատկապես որ, LG ընկերության ղեկավարությունը աջակցություն է խոստանում:




























