Պարենի համաշխարհային գները մայիսին երկրորդ ամիսն անընդմեջ նվազում են մարտ ամսվա ռեկորդային բարձր մակարդակից հետո, թեեւ հացահատիկի եւ մսամթերքի գինը բարձրացել է, հայտնում է ՄԱԿ-ի պարենային գործակալությունը:
Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գների ինդեքսը, որը հետեւում է աշխարհի ամենաշատ վաճառվող պարենային ապրանքներին, անցյալ ամիս միջինում 157.4 կետ է կազմել՝ ապրիլի 158.3-ի համեմատ:
Չնայած ամսական անկմանը՝ մայիսի ինդեքսը դեռ 22.8 տոկոսով բարձր էր, քան մեկ տարի առաջ՝ մասամբ ուկրաինական պատերազմի հետեւանքների կապակցությամբ մտահոգությունների պատճառով։
Հացահատիկի առաջարկի եւ պահանջարկի առանձին գնահատականներում ՊԳԿ-ն հայտարարել է, որ ակնկալում է, որ 2022/23 սեզոնում հացահատիկի համաշխարհային արտադրությունը չորս տարվա ընթացքում առաջին անգամ կկրճատվի՝ 2021 թ. 16 մլն տոննա ռեկորդային մակարդակից մինչեւ 2.784 մլրդ տոննա։
Մինչ կաթնամթերքի, շաքարավազի եւ բուսական յուղի գների ինդեքսները նախորդ ամիս ընկել են, մսի գների ինդեքսը ռեկորդային բարձր ցուցանիշի է հասել, իսկ հացահատիկինը՝ 2.2 տոկոս, ընդ որում, ցորենն ամսական հաշվարկով 5.6 տոկոս աճ է գրանցել։ Ցորենի գները տարեկան կտրվածքով աճել են 56.2 տոկոսով:
ՊԳԿ-ն հայտնել է, որ ցորենի գները կտրուկ աճել են Հնդկաստանի՝ արտահանման արգելքի, ինչպես նաեւ Ուկրաինայում արտադրության ցածր հեռանկարների պատճառով։
Բուսական յուղի գների ինդեքսն ապրիլի նվազել է 3.5 տոկոսով՝ մասամբ արմավենու յուղի արտահանման կարճաժամկետ արգելքը հանելու Ինդոնեզիայի որոշման պատճառով:
«Արտահանման սահմանափակումներն անորոշություն են ստեղծում շուկայում եւ կարող են գների աճի եւ անկայունության ավելացման հանգեցնել: Ձեթային կուլտուրաների սերմերի գների անկումը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է հանել դրանք եւ անխափան արտահանում ապահովել»,- ասել է ՊԳԿ-ի գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերո Կալենը։
Կաթնամթերքի ինդեքսը եւս նախորդ ամսվա համեմատ նվազել է 3.5 տոկոսով, ընդ որում կաթի փոշու գներն ամենաշատն ընկել են Չինաստանում՝ COVID-19-ի հետ կապված լոքդաունների հետեւանքով շուկայի անորոշության պատճառով:
Հացահատիկի արտադրության վերաբերյալ իր առաջին համաշխարհային կանխատեսման մեջ ՊԳԿ-ն եգիպտացորենի, ցորենի եւ բրնձի արտադրության անկում էր կանխատեսել, մինչդեռ գարու եւ սորգոի արտադրությունն աճել է:
Կանխատեսվում է, որ հացահատիկի համաշխարհային սպառումը 2022/23 թթ. կնվազի 0.1 տոկոսով՝ 2021/22 թվականների մակարդակի համեմատ մինչեւ 2.788 միլիարդ տոննա, որը առաջին կրճատումն է վերջին 20 տարվա ընթացքում:





























