Միացյալ Նահանգները պատրաստ են համոզիչ ձեւով կոչ անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարական տալ, հաղորդում է CNN-ը` վկայակոչելով օգոստոսի 9-ին ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրներից ստացված տեղեկությունները:

Այդ մասին հայտարարվելու է մոտակա օրերին, երբ ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերը իրենց մտադրությունը քննարկեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչների հետ:

Արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է այն հարցը, թե արդյոք անհրաժե՞շտ է ուղիղ ձեւով կոչ անել Ասադին հեռանալ, նշում է CNN-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Սպիտակ տունը մեծապես հակված է կոչ անելու Ասադին հեռանալ, սակայն Պետքարտուղարությունն  առավել զուսպ է վերաբերում այդ գաղափարին, քանզի դրա հետեւանքները անհայտ են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փաստացի մեղադրել է Ասադին 2000 մարդու մահվան մեջ: Նրա խոսքով, Սիրիայի կառավարության կողմից իր դեմ ուղղված բողոքի ակցիանների ռազմական ճնշման ընթացքում զոհերի թիվը հասել է 2000-ի:

Նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի ընդդիմադիրների գլխավոր հենակետերից մեկում` Համ քաղաքում, վերջին օրերի ընթացքում մոտ 100 մարդ է զոհվել: Քլինթոնը կրկնել է նախկինում հնչեցված դիրքորոշումն այն մասին, որ, Միացյալ Նահանգների կարծիքով, ալ-Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը: «Այս շաբաթ մենք տեսանք, որ ալ-Ասադի վարչակարգը ուժեղացնում է իր ժողովրդի դեմ ուղղված ագրեսիան»,-հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նրա խոսքով, ԱՄՆ-ը եւ դաշնակից երկրները փորձում են ուժեղացնել Սիրիայի վրա ճնշումը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող բողոքի մասսյական ակցիաները սկսվել են 2011 թ. մարտ ամսից: