Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 10-ին այցելել է զինված ուժերի 2-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ելույթ ունենալով զորամասի շարահրապարակում հավաքված զինծառայողների առջեւ` պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել սպա-զինվոր փոխհարաբերությունների մասին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Հայաստանի քաղաքական ղեկավարության այն մոտեցումը, ըստ որի ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ եւ բանակցային ճանապարհով, այդ ամենի համար պետք է ունենալ մարտունակ բանակ, որը կարող է լիարժեքորեն պաշտպանել մեր հայրենիքի սահմանները»:
Այնուհետեւ Սեյրան Օհանյանը այցելել է զորամասի հրաձգարան, դիտել կրակային պատրաստության վարժանքներ:
Պաշտպանության նախարարն այցելել է նաեւ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Նախարար Օհանյանը հայրենիքի սահմանները պաշտպանողներին պարգեւատրել է արժեքավոր նվերներով:




























