Կիեւի Լուկյանովսկի մեկուսարանում կալանքի տակ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն որոշել է արդյունավետ օգտագործել ազատ ժամանակը:

Ինչպես «Ուկրաինսկայա պրավդային» հայտնել է նրա ամուսինը` Ալեքսանդր Տիմոշենկոն, նա հանդիպել է կնոջ հետ, եւ վերջինս ասել է, որ խցակիցների հետ խնդիրները լուծվել են: Կանանցից մեկը թարգել է ծխելը, քանի որ դա անհարմարություն էր պատճառում Տիմոշենկոյին:

«Այդ կինն ասել է, որ պատրաստ է թարգել, բայց եթե դա ինչ-որ բանով փոխարինի: Մենք նրան «Նիկորետտ» ծամոն ենք տվել, եւ նա այժմ չի ծխում»,- ասել է Տիմոշենկոյի ամուսինը:

Տիմոշենկոն խցում նաեւ հեռուստացույց ունի:

Նախկին վարչապետը նաեւ գրքեր է կարդում` Մարիո Վարգաս Լյոսայի «Աշխարհի վերջի պատերազմը», Հարուկի Մուրակամիի «1Q84»-ը, Ումբերտո Էկոյի «Լրիվ հետ» եւ «Գեղեցկության  պատմությունը», Տարաս Պրոխասկոյի «Բարդերը», Վասիլի Շկլյարի «Սեւ ագռավ» եւ Անտոն Չեխովի գրքերը:

Ավելի վաղ Տիմոշենկոյին փոքրիկ համակարգիչ եւ Ուկրաինայի Սահմանադրություն էին տվել: