Իսրայելի ցանկացած սխալ Իրանի հետ հարաբերություններում կարող է Թել Ավիվի եւ Հայֆայի կործանման հանգեցնել։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին, փոխանցում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի հրահանգով, եթե թշնամին ինչ-որ սխալ թույլ տա, Իրանը Թել Ավիվն ու Հայֆան գետնին կհավասարեցնի:

Իսրայելին դատապարտելով «մուսուլմանական տարածքների օկուպացման» համար՝ հրամանատարն ասել է, որ առավելագույնը 25 տարուց այդ հողերը կմիանան իսլամական տարածքներին։

Իրանական բանակի ձեռքբերումները թշնամու աչքի փուշ անվանելով՝ գեներալ Հեյդարին ասել է, որ ցամաքային զորքերի բոլոր ստորաբաժանումները հագեցած են ճշգրիտ հարվածային, հեռահար ու խելացի զինատեսակներով։ «Ընդլայնվել է ցամաքային զորքերի անօդաչուների եւ օպերատիվ հրթիռների շառավիղը»,- հավելել է նա։