Այս շաբաթ Եվրախորհրդարանը կքննարկի Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի եւ որոշ վրացի դատավորների դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու առաջարկով բանաձեւի նախագիծը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Բանաձեւն առաջարկել է Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ): Խոսքը վերաբերում է Վրաստանում ԶԼՄ-ների ազատության եւ լրագրողների անվտանգության ոտնահարմանը։ Փաստաթղթից հատվածներ է հրապարակել «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

«Հաշվի առնելով, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին խարխլում է երկրի ժողովրդավարական համակարգը, ինչպես նաեւ դատավորներն ու դատախազները, որոնք խանդավառությամբ կիրառում են ընտրովի արդարադատություն (...), նրանց նկատմամբ պետք է կիրառվեն նպատակաուղղված անձնական պատժամիջոցներ»,- ասված է բանաձեւի նախագծում։

Բանաձեւի հեղինակները թվարկում են Վրաստանում անցած տարվա ընթացքում լրատվամիջոցների ազատության ոլորտում տեղի ունեցած առանցքային իրադարձությունները՝ 2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում լրագրողների վրա հարձակումները, ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի ձերբակալությունը, Մամուլի ազատության ինդեքսում երկրի դիրքերի կորուստը եւ այլն։ Նրանք վրացական իշխանություններին կոչ են անում իրականացնել լրագրողների դեմ հանցագործությունների լիարժեք հետաքննություն։

Բանաձեւի այլ դրույթներ.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատ արձակելու կոչ, որպեսզի նա բուժվի արտերկրում,

Վրաստանում քաղաքական բեւեռացման մտահոգություններ,

Եվրախորհրդարանի անդամների վրա «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների հարձակումների դատապարտում,

Վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին աջակցություն։ Եվրոպական կառույցները կոչ են անում աշխատել, որ Վրաստանը ստանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ։

Բանաձեւի նախագծի տեքստը վերջնական չէ։ Հինգշաբթի՝ հունիսի 9-ին նշանակված քվեարկությունից առաջ այն կարող է փոփոխվել Եվրախորհրդարանում ներկայացված մյուս կուսակցությունների նախաձեռնությամբ։