Հայաստանում, օգոստոսի 1-ի դրությամբ, ուժի մեջ է 84 շահումով խաղի, 10 խաղատան եւ 3 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա:
Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ այս տարվա 7 ամիսներին կիրառվել է 809 հազար 600 դրամի տուգանք, շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ` 5 միլիոն դրամի չափով, երեք շահումով խաղ կազմակերպող ընկերությունների տնօրենների նկատմամբ 100 հազար դրամ տուգանք նշանակելու հայցով դիմել են դատարան: Իսկ նախազգուշացում կիրառվել է 18 շահումով խաղի եւ հինգ խաղատան կազմակերպման լիցենզիայի նկատմամբ:
Ընթացիկ տարվա 7 ամիսներին կայացել է վիճակախաղերի, շահումով խաղերի եւ խաղատների լիցենզավորման հանձնաժողովի 24 նիստ: Տրամադրվել է հինգ շահումով խաղի եւ երկու խաղատան կազմակերպման լիցենզիա, ուժը կորցրած է ճանաչվել 11 շահումով խաղի եւ երկու խաղատան կազմակերպման լիցենզիա, կասեցվել է 13 շահումով խաղի եւ մեկ խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողություն:




























