Բնապահպանության նախարարության «Թեժ գծով» օգոստոսի 5-ին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան-Հանքավան հատվածում, Մարմարիկ գյուղի մոտակայքում /ժողովրդական լեզվով ասած՝ Զանգելու բլուրի վրա/ ծառեր են հատվել:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ի պատասխան ահազանգի, ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը տեղում կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում հաստատվել է ծառահատման փաստը` թվով 28 սոճենիներ:
Կազմվել է համապատասխան արձանագրություն: Այնուհետեւ կատարվել է բնապահպանական իրավախախտումների հետեւանքով բուսական աշխարհին պատճառած վնասի հաշվարկ, որը կազմել է 2,263 մլն. դրամ: Բնապահպանական պետական տեսչությունը գործի հետ առնչվող նյութերն ուղարկել է Կոտայքի մարզային ոստիկանություն` օրինախախտներին հայտնաբերելու եւ վնասը փոխհատուցելու նպատակով:




























