Մենք արձանագրել էինք, որ հունիսի 3-ին որոշ դեպքերում ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել էր անհամաչափ: Դա վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ ոստիկանի օրինական պհանջը կատարելուց հրաժարված անձին ոստիկանությունը բերման է ենթարկում, այդ պահին այդ անձը գտնվում է բացարձակ իրենց տիրապետության ներքո, այդ պահին կիրառված ուժը անհրաժեշտ ու պիտանի չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
«Մենք նաեւ արձանագրել էինք, որ բերման ենթարկվածների մարմնի վրա հետքերը նույնպես վկայում էին, որ հրմշտոցի եւ բերման ենթարկելիս եղել էթր ուժի գործադրման անհամաչափություն: Միաժամանակ մենք խնդրել էինք ոստիկանությունից պարզաբանումներ ոստիկանների կողմից ստացված վնասվածքների բնույթի, ինտենսիվության, վիրավորված ոստիկանների թվի վերաբերյալ: Մեդիայի նյութերը, տեսանյութերը մեզ էլ էր համոզել, որ այնտեղ կոնկրետ կար ոչ խաղաղ մոտեցում, բռնության նպատակադրում, որն արտահայտվում էր դեպի ոստիկանության ծառայողները քարերի ու տարբեր առարկաների նետումներով: Նետել էին քարեր, շշեր, մետաղական առարկաներ: Նաեւ տեսել էինք, որ ոստիկանության կողմից կային շշերի նետումներ:
Մենք նաեւ արձանագրել էինք, որ խաղաղ հավաքի ընթացքը չի ենթադրում նման տեսակ բռնության կիրառում կամ դիմադրություն ոստիկանության կողմից: Մենք պահանջել էինք պարզաբանումներ ոստիկանությունից՝ կիրառված հատուկ միջոցների էության մասին, ինչպիսին էին դրանք, ոստիկանությունն ինչպիսի չափանիշներով էր գնահատել հատուկ միջոցի կիրառման անհրաժեշտությունը»,-ասաց նա:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ դեռ ոստիկանությունից պատասխան չեն ստացել, բայց տեսել են ոստիկանության պարզաբանումը, որտեղ հիմնավորվում էր քարերի, մետաղական առարկաների նետման հետեւանքով ոստիկանների ստացած վիրավորումներով. «Մենք նաեւ հարցրել էինք, թե արդյոք հունիսի 3-ի դեպքերով որեւէ ծառայողական քննություն կամ որեւէ կարգապահական միջոցառում կամ քրգործ հարուցվել է որեւէ ոստիկանի նկատմամբ, թե ոչ»:
Հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները, ՄԻ պաշտպանն ասաց. «Պետք է հասկանանք, որ ոստիկանությունը գործում է չափազանց բեւեռացված մթնոլորտում, ընդ որում, թե ընդդիմության, թե իշխանության դերակատարների կողմից: Ոստիկանության համար նման անհնազանդության ակցիան հեշտ առաջադրանք չէ: Այստեղ կարեւոր է արձանագրել, որ որոշ դեպքերում ոստիկանների կողմից եղել են օրենքի խախտումներ, որոշ դեպքերում հայտարարվեց, որ կարգապահական վարույթներ են հարուցվել, քրեական վարույթներ կան հարուցված: Մեր պահանջն է, որ յուրաքանչյուր դեպք քննվի, պատշաճ գնահատական տրվի ոստիկանության գործողություններին եւ դրա հետեւանքներին: Մենք նաեւ պետք է նայենք, թե ամբոխի կառավարման ինչպիսի մասնագիտական թրեյնինգներ են պետք ոստիկանությանը:
Նման բեւեռացված իրավիճակում ոստիկաններից պահանջվում է ծայրահեղ զսպվածություն եւ սառնասրտություն: Այս առումով մեր ոստիկանները դեռ անելիք ունեն»:





























