Երեւանի քաղքապետարանը օգոստոսի 9-ին կազմակերպել է Շահումյանի անվան կոլտնտեսությանը պատկանած 17,5 հեկտար հողատարածքներն իրենց փաստացի հողօգտագործողներին օտարելու վիճակահանությունը: Գործընթացին հետեւել են «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, նրա օգնականը եւ խմբակցության փորձագետը:
«Ժառանգություն»-ից NEWS.am-ին հայտնում են, որ բնակիչները երկար էին սպասել կոլտնտեսության հողերի օտարմանը, որը երկար նախապատմություն ունի:
Բանն այն է, որ անմիջապես Հայաստանի անկախացմանը հաջորդած հողերի անհատույց համապետական սեփականաշնորհման գործընթացում կոլտնտեսությունը լուծարվել էր եւ քաղաքային իշխանությունները նախ հայտարարել էին, թե կոլտնտեսությանը պատկանած հողատարածքները անհատույց կսեփականաշնորհվեն կոլտնտեսականներին, սակայն, երեք ամիս անց, Երեւանի քաղաքապետարանի կայացրած որոշմամբ, քաղաքամերձ լինելու ու քաղաքի զարգացման հեռանկարի հիմնավորումներով, այդ հողատարածքները սոսկ վարձակալական հիմունքներով էին հատկացվել քաղաքացիներին, որոնցից շատերը դրանք մշակում են 19 տարի շարունակ:
2008-ի հոկտեմբերի 23-ին կայացած փակ դասական աճուրդով այդ տարածքները օտարվել էին «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին: Այդ ժամանակից ի վեր անլուծելի կոնֆլիկտ էր ստեղծվել հողատարածքների իրավաբանական սեփականատիրոջ եւ փաստացի հողօգտագործողների միջեւ, քանի որ առաջինը պահանջում էր ազատել աճուրդով ձեռքբերված հողատարածքները, իսկ հողօգտագործողները հրաժարվում էին կատարել այդ պահանջը` պնդելով, որ իրենք այդ հողերի օտարումից օգտվելու նախապատվության իրավունք ունեն, մինչդեռ պետությունը դրանք փակ աճուրդով օտարել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին: Վարձակալներից այգիներն ամեն գնով խլելու ցավագին գործընթացում բազմիցս հրդեհներ են բռնկվել այգիներում, ոռոգման համակարգն է խաթարվել` երբեմն դրամատիկ վիճակների առջեւ կանգնեցնելով վարձակալներին:
2009-ից ի վեր, այս խնդիրը տարբեր ատյաններում բարձրացրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա առաջարկով, այս տարվա մայիսի 17-ին Երեւանի քաղաքապետարանում կազմակերպվել է հարցի քննարկում:
Հարցի բազմաթիվ ասպեկտներ քննարկելուց հետո Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք նշել են, որ ցանկանում են Կառավարության որոշմամբ այնպիսի լուծում տալ բարձրացված խնդրին, որով հողատարածքների վարձակալներին հնարավորություն կընձեռվի դրանք ձեռք բերել կադաստրային արժեքով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կառաջանա նաեւ դադարեցնել նշված հողատարածքները աճուրդով ձեռք բերած ընկերության սեփականության իրավունքը:
2011թ. հուլիսի 11-ին Կառավարությունը վերջապես ընդունել է որոշումը, որով Երեւանի քաղաքապետին լիազորել է փոփոխություններ կատարել «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերում: Ըստ այդմ, որոշվել է, որ 17,5 հեկտար հողատարածքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երեւանի քաղաքապետարանի կողմից օտարվելու է նշված հողատարածքները փաստացի զբաղեցրած հողօգտագործողներին:
Օգոստոսի 9-ին էլ Երեւանի քաղաքապետարանը սկսել է ի կատար ածել Կառավարության որոշման հիշյալ կետը` հողի վարձակալության պայմանագրեր ունեցող ավելի քան 300 անձանց համար կազմակերպելով վիճակահանություն: Առաջին օրվա դրությամբ դրան մասնակցել էին ավելի քան 200 վարձակալներ:
Մնացած վարձակալների համար վիճակահանությունը շարունակվել է նաեւ այսօր:




























