Նորվեգիայում քննիչներն ավելի են հակվում նրան, որ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով կրկնակի ահաբեկչություն էր իրականցրել երկրում` սպանելով 77 մարդու, հարցաքննության ժամանակ ճիշտ ցուցմունքներ է տալիս:
Քննիչները հավատում են, որ Բրեյվիկն իսկապես միայնակ է գործել հանցագործություն կատարելիս:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, վկայակոչելով նորվեգական ոստիկանության ներկայացուցիչ Քրիստիան Հաթլոյին, 40 ժամ տեւած հարցաքննություններից հետո քննիչները եկել են եզրակացության, որ Բրեյվիկը հանցակիցներ չի ունեցել:
Նշենք, որ ավելի վաղ Բրեյվիկը պնդել էր, թե ինքը մենակ չէ, իսկ իր շատ կողմնակիցներ կան ոչ միայն Նորվեգիայում, այլեւ աշխարհի այլ երկրներում: Նա պնդել էր, որ հակամահմեդական զինված խմբավորման անդամ է:
Կրկնակի ահաբեկչությունը Նորվեգիայում տեղի էր ունեցել հուլիսի 22-ին: Նախ պայթյուններ էր որոտացել Օսլոյի կենտրոնում` կառավարական շենքերի մոտ, ապա Բրեյվիկը ներխուժել էր Ուտեյա ճամբար եւ սպանդ էր կազմակերպել: Ողբերգության զոհերի թիվը հասել էր 77-ի:




























