Երաժշտության համաշխարհային լեգենդ, հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը հեռանում է բեմից: Այդ մասին նա հայտնել է այսօր`օգոստոսի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ` հավելելով, որ դա բնավ էլ չի նշանակում հանգստի գնալ:

«Ես մտադիր եմ այլ բնույթի գործունեությամբ զբաղվել` անցում կատարելով ավելի պասիվ կենսակերպի»,-նշել է վարպետը` հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, կսկսի հասարակական գործունեությամբ զբաղվել: Արվեստագետը չի բացառել, որ հետագայում եւս ելույթներ կունենա` ասելով, որ իր տարիքը թույլ չի տալիս խոշոր աշխատանքներ սկսել եւ նոր կարերիայի հույս ունենալ:

«Ես արդեն գոհ եմ ինձնից, ես իսկապես քիչ բան չեմ արել: Իմ մասին խոսում են որպես համաշխարհային լեգենդի, բայց չէ որ ես չեմ ինձ այդպես անվանել, այլ մարդիկ, որոնց շարքում կան շատ անվանի երաժիշտներ, արվեսագետներ, երգահաններ եւ երաժշտությունից հասկացող մարդիկ: Ես արդեն 72 տարի նվագում եմ, 65 տարի հանդես եմ գալիս բեմում, բայց այդ ամբողջ ընթացքում երբեք ֆոնոգրամա չեմ օգտագործել, ու ընդհանրապես պատկերացում չունեմ, թե դա ինչ է»,-ժպիտով ասաց Գասպարյանը:

Մեծ վարպետի ստեղծագործական գործունեության տարեդարձի կապակցությամբ Երեւանում` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիայում կայանալու է վիթխարի համերգ: «Վստահեցնում եմ, նման համերգ դեռ երբեք չի եղել»,-շեշտել է դուդուկահարը` հավելելով, որ համեգին մասնակցելու են գերազանցապես հայ երաժիշտներ, այդ թվում վարպետի թոռը` Ջիվան Գասպարյան կրտսերը, ով, պապիկի խոսքով, «լավ, տաղանդավոր երեխա է»:

Նման համերգներ կազմակերպվելու են նաեւ Գյումրիում եւ Սպիտակում այն տարբերությամբ, որ այդ քաղաքների բնակիչների համար միջոցառումները բարեգործական են լինելու: «Ցանկանում եմ, որ երկրաշարժից տուժած մարդիկ, ուղղակի գնան այնտեղ եւ լսեն Ջիվանին»,-հայտարարել է Գասպարյանը: