Վաշինգթոնում կասկածում են, որ Բաքուն արհեստականորեն ձգձգում է տարածաշրջանային հաշտեցման (Հայաստանի եւ Թուրքիայի) գործընթացը, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2009թ.:

Ինչպես Turan գործակալությանը հայտնել են Վաշինգթոնի պաշտոնական աղբյուրները, գործընթացը սառեցվել է Ադրբեջանի պատճառով: Այժմ էլ տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն արհեստականորեն ձգձգում է գործընթացը: «Ամերիկայում ընտրարշավը մոտենալուն զուգընթաց վարչակազմը ակտիվացնելու է ջանքերը` ավարտելու հաշտեցման գործընթացը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Դա անխուսափելի է»,- ասել է ամերիկյան դիվանագիտական աղբյուրը:

Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլը` աղբյուրը նշել է, թե Ադրբեջանը բաց է թողնում կարգավորման կարեւոր շանսը:

Մյուս նշանակալից գործոնը Ռուսաստանի եւ Արեւմուտքի հայացքների համընկնումն է այդ հարցում: «Դա առաջին հերթին կապված է վերբեռնման քաղաքականության հետ: Երկու վարչակազմերն էլ ղարաբաղյան թեման այս ամռան գերակա նպատակ են հռչակել»,- ասել է աղբյուրը: