Նալբանդյան 106/1 հասցեում իրականացվող քաղաքաշինական ծրագրի հետ կապված  Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի արդեն երրորդ հանդիպումը Նալբանդյան 106/1 հասցեի հարակից շենքերի բնակիչների եւ նրանց ներկայացուցիչների հետ:

Քննարկմանը ներկա են եղել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Նարեկ Սարգսյանի կողմից ներկայացվող նախագծային տարբերակի վերաբերյալ քննարկման արդյունքում բնակիչների կողմից մասնակի լրացումներ եւ  առաջարկություններ են եղել,  որոնք ընդունվել են: Որոշվել է լրամշակված տարբերակը, արդեն որպես ցուցավահանակ, տեղադրել շինհրապարակում` հանրության իրազեկման նպատակով:

Բնակիչները, նախագծային  այս տարբերակի հետագա փոփոխություններից խուսափելու նպատակով, բարձրացրել են նաեւ երաշխիքների հարց: Գլխավոր ճարտարապետը տեղեկացրել է, որ վերջին տարբերակի վերաբերյալ (որը նախատեսում է նախկինում 16 հարկանի շենքերի փոխարեն հարկայնության կտրուկ կրճատում, բակային տարածքների ավելացում) կառուցապատողի կողմից համաձայնության ստացումից հետո առաջիկա օրերին ցուցավահանակը կտեղադրվի շին. հրապարակում:

Այնուհետեւ Ստեփան Սաֆարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը գլխավոր ճարտարապետի հետ քննարկել են Կոմիտաս 5 հասցեում նախկինում համաձայնեցված խնդրահարույց շինարարության հարցը: Նարեկ Սարգսյանը հավաստիացրել է , որ այստեղ եւս նախագծային փոփոխությունների միջոցով խնդրին լուծում տալու հնարավորություն է տեսնում:

Որոշվել է շարունակել կառուցապատողի հետ քննարկումը եւ առաջիկա օրերին անդրադառնալ տարածքի կառուցապատման արդեն փոփոխված տարբերակի քննարկմանը: