ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներին ծեծի ենթարկելու, ապա նաեւ ձերբակալելու փաստի հետ կապված հայտարարություն է տարածել նորաստեղծ «Քաղբանտարկյալներ» կազմակերպությունը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի ոստիկանությունն օգոստոսի 9-ին հերթական անգամ բռնություն կիրառելով ՀԱԿ-ի երիտասարդ անդամներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Արեգ, Սարգիս, Վահագն Գեւորգյանների, Սահակ Մուրադյանի, Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ, նրանց բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ արդեն ուշ գիշերին ձերբակալել: Առավել վրդովեցուցիչ է այն հանգամանքը, որ ծեծը շարունակվել է ոստիկանության բաժնում:

Երիտասարդները զրկված են եղել անհրաժեշտ բուժօգնությունից,  չեն կարողացել օգտվել փաստաբանական ծառայություններից, իսկ փաստաբանների նկատմամբ կիրառվել է բռնություն, սահմանափակվել է փաստաբանների ազատ տեղաշարժի իրավունքը, հնարավորություն չեն տվել իրականացնել մասնագիտական գործառույթներ:

Նախկին քաղբանտարկյալների նորաստեղծ «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ ոստիկանների նման հակաօրինական գործողությունները հղի են լարվածության առաջացմամբ եւ կոչ է անում իշխանություններին դադարեցնել քաղբանտարկյալներ ունենալու ավանդույթը եւ անհապաղ ազատ արձակել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներին: Նաև զգուշացնում ենք, որ վճռականորեն պայքարելու ենք մարդու իրավունքների ու ազատությունների նման կոպիտ ոտնահարումների դեմ»: