Ադրբեջանական «Մուսավաթ» լրատվականը ներկայացրել է, թե ինչպես ժամանակին Ադրբեջանում հայտնի կլաններից մեկի` հեյդարովների ընտանիքին որպես վարորդ ծառայող Նազիմ Մեմեդովը, ընտանիքի հետ հաստատած անձնական կապերի շնորհիվ կարճ ժամակամիջոցում պետական պաշտոն եւ զինվորական կոչում է ստացել:

Այսպես, աղբյուրը հայտնում է, որ Նազիմ Մեմեդովը երկար ժամանակ բանակում որպես վարորդ աշխատել է ԱԻՆ ղեկավար Քեմալադին Հեյդարովի հոր` բանակի առաջին քարտուղարի Ֆեթթահ Հեյդարովի մոտ: Բայց ավելի ուշ Հեյդարովների ընտանիքի հետ սերտ հարաբերություններ է հաստատել, եւ դրա շնորհիվ 1995 թ. Պետական հարկային կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո Քեմալադին Հեյդարովը Մեմեդովին դարձրել է իր աջ ձեռքը, եւ նա Ք. Հեյդարովի վարորդը լինելու հետ մեկտեղ կատարել է նաեւ մի շարք կարեւոր պետական բնույթի առաջադրանքներ:

Ինչ-որ ձեւով Մեմեդովը 1999 թ. ավարտել է Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (համալսարանական աղբյուրները հայտնում են, որ նրան 4 տարվա մեջ ոչ մի անգամ չեն տեսել):

«Մուսավաթը» նշում է, որ Ք. Հեյդարովի ոչ պաշտոնական կարգադրությամբ, Մեմեդովը 2007 թ. դեկտեմբերի 28-ին նշանակվում է Պետական հարկային կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Մի խոսքով, նրա ոչ պաշտոնական կարգավիճակը պաշտոնականացվում է: Այդ նշանակումից ուղիղ մեկ ամիս անց` 2008 թ. հունվարի 31-ին Մեմեդովին գեներալ-մայորի հատուկ կոչում են տալիս, իսկ արդեն 2010-ին նրա կոչումը բարձրացնում է եւս մեկ աստիճանով` դառնալով գեներալ-լեյտենանտ:

«Ահա թե ինչպես մեր երկրում  սովորական մի վարորդ կարճ ժամանակում դառնում է փոխնախարար եւ գեներալ»,-եզրակացնում է «Մուսավաթը»`  հավելելով, որ Մեմեդովի որդին արդեն գնդապետ է, իսկ այդ «նվերը» նրան արել է Քեմալադին Հեյդարովը` ծննդյան օրվա կապակցությամբ: