Պարզվել է այն տղամարդու ինքնությունը, ով օգոստոսի 11-ին ներխուժել էր Էստոնիայի պաշտպանության նախարարություն, կրակոցներ արձակել, գործի գցել պայթուցիկ սարքը, որից հետո սպանվել է:
Նա Հայաստանից Էստոնիա ներգաղթած, 57-ամյա Կարեն Դրամբյանն էր: Էստոնիայի իշխանությունները հայտարարել են, որ Դրամբյանը նախկինում էլ եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Դրամբյանը ծնվել է Հայաստանում, ապա 90-ականների սկզբին տեղափոխվել է Էստոնիա եւ քաղաքացիություն ստացել: Նա իրավաբան էր, իսկ 2009-ին առաջադրվել էր Մաարդուի քաղաքային խորհրդի կազմում, սակայն չի ընտրվել:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունն իրականացնում են անվտանգության ոստիկանությունն ու Հյուսիսային շրջանային դատախազությունը: Դրամբյանի շարժառիթները դեռ անհայտ են: Ահաբեկիչը որեւէ քաղաքական պահանջ չի ներկայացրել:
«Նովիե իզվեստիան» գրում է, որ նման քայլի նա կարող էր գնալ նաեւ անձնական պատճառներով, նա հիվանդ էր, անձնական ողբերգություն էր ապրել, զրկվել էր իրավաբանական պրակտիկայից, քանի որ էստոներենի իմացության տեղեկանք չուներ:
Դրամբյանի ընկեր եւ կուսակից Անատոլի Եգորովը հայտնել է, որ նա գնացել է ահաբեկչության Էստոնիայի վարած հակառուսական քաղաքականության պատճառով: Եգորովն ասել է, թե Դրամբյանը արդարության սրացած զգացում ուներ, կտրականապես դեմ էր ազգայնականությանը:




























