Իսպանիայում եւ Գերմանիայում, տարվա այս շրջանի համար անսովոր շոգի պայմաններում, հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ, հայտնում է AP լրատվական գործակալությունը:
Իսպանիայում ամենամեծ վնասը հասցվել է հյուսիսարևմտյան Զամորա նահանգում, որտեղ, տարածաշրջանի իշխանությունների հայտնած տեղեկություններով, ավերվել է ավելի քան 25,000 հեկտար տարածք, մինչդեռ Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ Բեռլինի մերձակայքում գտնվող երեք գյուղերի բնակիչներին հրամայվել է լքել իրենց տները՝ կիրակի օրը մոտեցող անտառային հրդեհի պատճառով:
Իսպանիայում իշախանությունները զգուշացրել են, որ անտառային կրակները, որոնք մարվել են այսօր, կարող են կրկնվել, ինչի համար էլ տարհանվել են 18 գյուղերի բնակիչներ: Անտառային հրդեհների բռնկման պատճառներից են 70 կմ/ժամ արագությամբ քամիներն ու 40 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանը:
Զինվորական կրակային ստորաբաժանումներ են տեղակայվել Զամորայում, Նավարայում եւ Լեյդայում։
Այս պահին զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան:





























