ԼՂՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ իր ծառայակիցների սպանության մեջ մեղադրվող եւ ցմահ ազատազրկման դատապարտված Մանվել Հազրոյանի կողմից հենց դատարանի դահլիճում շիշը դատավորի ուղղությամբ նետելու փաստի առթիվ քրեական հործ է հարուցվել:
ԼՂՀ դատախազության հաղորդագրության մեջ նշվում է.
«2011թ. օգոստոսի 3-ին, ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Դավթյանի կողմից թիվ ՍԴ3/0045/01/11 քրեական գործով` ըստ մեղադրանքի Մ. Հազրոյանի ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 34.104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 365-րդ հոդվածի 1-ին կետով Ստեփանակերտի նստավայրում արտագնա դատական նիստում արդարադատություն իրականացնելիս, ամբաստանյալ Մ. Հազրոյանի վերաբերյալ դատավճիռը հրապարակելու ժամանակ որպես պատժաչափ ցմահ ազատազրկում հայտարարելուց հետո, ամբաստանյալ Մ. Հազրոյանը հայհոյանքներ արտահայտելով եւ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, սեղանից վերցրել է Ջերմուկ հանքային ջրի պլաստմասե շիշն ու նետել դատավոր Հ. Դավթյանի ուղղությամբ` փորձելով հարձակվել վերջինիս վրա:
Մ. Հազրոյանի հետագա անօրինական գործողությունները եւ դիմադրությունը կանխելու նպատակով ուղեկցող խումբը` ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ քննչական մեկուսարանի ծառայողները, Ոստիկանության մասին ԼՂՀ օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված կարգով գործադրելով ֆիզիկական ուժ եւ կիրառելով հատուկ միջոցներ` ձեռնաշղթաներ, մեկուսացրել են ամբաստանյալ Մ. Հազրոյանին:
Հաշվի առնելով, որ նյութերում առկա են ԼՂՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող բավարար տվյալներ, ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 12.08.2011թ. հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քր. օր-ի 347-րդ հոդվածի 3-րդ մասով /Նախնական քննություն վարելու կամ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները/: Տարվում է նախաքննություն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է զինծառայող Մանվել Հազրոյանը: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ, եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:
Օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ, Մանվել Հազրոյանին դատապարտել էր ցմահ ազատազրկման:
Վճռի հրապարակումից հետո Մ.Հազրոյանը սեղանի վրա գտնվող շիշը վերցրել եւ շպրտել է դատավորի ուղղությամբ, որից հետո Հազրոյանին ուղեկցող Շուշիի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ են հագցրել եւ նրան վնասազերծել հենց դատարանի դահլիճում:
ՔԿՀ-ի աշխատակիցները վնասազերծումից հետո սկսել են ծեծի ենթարկել Մ.Հազրոյանին հենց դատարանի դահլիճում՝ ուշադրություն չդարձնելով դատավորի հորդորներին՝ դադարեցնելու ֆիզիկական բռնությունը: Ավելին, Մ.Հազրոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանի պահանջից՝ դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ ծեծը, ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը բռնություն է կիրառել նաեւ փաստաբանի նկատմամբ՝ հայտարարելով, որ լավ է անում:
Հազրոյանի եւ Մարուքյանի նկատմամբ բռնության փաստով համապատասխան դիմումը ուղարկվել է Հայաստանի գլխավոր դատախազությանը:




























