Հայ ազգային կոնգրեսի օգոստոսի 9-ին ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ին ազատ են արձակել, իսկ մյուս երեքին` երկու ամսով կալանավորել:

Այսօր` օգոստոսի 12-ի երեկոյան, ժամը 21:30-ի սահմաններում Ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) ազատ են արձակվել Արեգ Գեւորգյանը, Սահակ Մուրադյանն ու Դավիթ Քիրամիջյանը, որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:

Մնացած 4 երիտասարդներին` Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին եւ Վահագն Գեւորգյանին տեղափոխել են Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանից ազատ են արձակել նաեւ Վահագն Գեւորգյանին, իսկ մյուս երեքի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ի դեպ, Վահագն Գեւորգյանը «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի որդին է:

Նշենք, որ Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի, Սարգիս Գևորգյանին` 258 հոդվածի (խուլիգանություն) առաջին մասի, իսկ Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մինչ տղաները դատարանի դահլիճում էին, բակում հավաքվել են ՀԱԿ-ի ակտիվիստները, ովքեր պաստառներով ու վանկարկումներով աջակցել են նրանց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:

Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:

Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստների փաստաբաններին եւ շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանական բաժանմունք: Ի վերջո, երիտասարդներին պաշտպաններին դա թույլ են տվել, որից հետո փաստաբան Վահե Հովսեփյանը դուրս գալով հայտարարել է, որ երիտասարդների վրա ակնհայտ բռնության հետքեր են եղել:

Երիտասարդների վրա բռնության հետքերի տեսագրությունը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ.

Նկարում` ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստները ոստիկանությունում