Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ում այժմ դատում են 2009 թ. ՌԴ-ի հետ կնքված գազային պայմանագրերի ժամանակ լիազորությունների գերազանցման մեջ, կարող է մասնակից լինել աղմկահարույց սպանությանը:
Խոսքը խորհրդարանի պատգամավոր Եվգենի Շերբանյայի սպանության մասին է, ում կնոջ հետ միասին սպանել էին 1996 թ. Դոնեցկի օդանավակայանում: Սպանությունը բացահայտված չէ: Գլխավոր դատախազությունը սպանությունը պատվիրելու մեջ մեղադրում է նախկին վարչապետ Պավել Լազարենկոյին: Նա այժմ փողերի լվացման համար իր պատիժն է կրում ԱՄՆ-ում:
Տիմոշենկոն 1990-ականներին գործնական եւ քաղաքական հարաբերություններ է ունեցել Լազարենկոյի հետ:
Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը հայտնել է, որ ԱՄՆ դատախազությունը տեղեկություններ ունի սպանությանը Յուլիա Տիմոշենկոյի հնարավոր մասնակցության մասին:
«Ամերիկյան քրեկան գործերում հետաքրքիր տեղեկություններ կան` կապված Լազարենկոյի հետ: ԱՄՆ դատախազությունում Լազարենկոյի գործով հարցաքննված վկան ուղիղ ձեւով հայտարարել է, որ Շերբանյայի սպանության համար վարձկան մարդասպանը իր գումարը ստացել է Լազարենկոյի եւ Տիմոշենկոյի հաշվեհամարներից` վկայակոչելով պատվիրատուի հետ ունեցած խոսակցությունը, ով ասել է. «Յուլիան կվճարի»` նկատի ունենալով սպանության համար կատարվելիք վճարումը»,- ասել է Կուզմինը ուկրաինական «Ֆոկուս» ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ամսագրի կայքում օգոստոսի 11-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սակայն Կուզմինը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցել Տիմոշենկոյի դեմ այդ դեպքի կապակցությամբ:
Հունիսի վերջից սկսած Կիեւի Պեչերյան դատարանը քննարկում է Տիմոշենկոյի «գազային» գործը: Օգոստոսի 5-ից նա գտնվում է կալանքի տակ:




























