Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին:

Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ կարեւորում է հռչակավոր երաժշտի այցելությունը Հայաստանում ռոք երաժշտության աջակցության ու զարգացման համատեքստում: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ ստեղծվել է հայաստանյան մի շարք ռոք խմբերի միավորող ռոք ասոցիացիա, որի գործունեությունը նպաստում է Հայաստանում ռոք երաժշտության տարածմանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի անցկացմանը եւ դրան համաշխարհային հռչակ ունեցող ռոք խմբերի ու կատարողների մասնակցությանը:  Վարչապետը Սերժ Թանկյանին մաղթել է առողջություն, ուժ ու եռանդ բոլոր մտահղացումների իրականացման համար:

Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար վարչապետ Տիգրան Սարգսյանը երգիչ ու երգահան Սերժ Թանկյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: