Աստանայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի  նախագահները պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնք կարող են նշանակալի վերափոխել ՀԱՊԿ-ն,  օգոստոսի 13-ին գրել է «Կոմերսանտը»:

ՀԱՊԿ-ն առաջին հերթին մտադիր է ամրապնդել կիբերտարածքում պաշտպանությունը, քանի որ Եգիպտոսում եւ Լիբիայում ռեժիմների անկումը նաեւ Twitter-ի եւ Facebook-ի շնորհիվ էր, գրում է պարբերականը:

Հանդիպմանը պատրաստվող մի քանի երկրի դիվանագետներ նշել են, որ ՀԱՊԿ տարածքում  հնարավոր հեղափոխությունների կանխման թեման գերիշխող էր բոլոր նախապատրաստական հանդիպումներում: «Եթե նախկինում որոշ երկրներ կազմակերպությանն անդամակցելը դիտում էին գրեթե որպես  պարտականություն, ապա Աֆրիկայում իրադարձությունները նրանց սթափեցրել էին եւ ստիպել հասկանալ, որ մեզ միավորում է  նման ապակառուցողական միտումներին  դիմակայելու ցանկությունը»,- ասել է թերթի զրուցակիցը:

Երկրորդը, կազմակերպության անդամները որոշել են ամրապնդել արագ արձագանքման հավաքական ուժերը,  որոնք կարող են գործել արաբական սցենարով անկարգությունների սկսման դեպքում: