Մի խումբ հայ բնապահպաններ նամակ են գրել System of a down խմբի մենակատար, աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանին, ով այս օրերին գտնվում է Հայաստանում:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Քեզ գրում են մի խումբ բնապահպաններ տարբեր էկոլոգիական խմբերից:
Անչափ ուրախ ենք, որ վերադարձել ես Հայաստան, քանզի քո խոսքի, ոգու, մոտիվացիոն երաժշտության կարիքը հայ մարդը շատ ունի:
Գիտես ստրկատիրական, վախերով լի մթնոլորտում հուսալքված հայ մարդը կորցրել է իր երբեմնի հավատը եւ ձգտումը դեպի լույսը:
Բայց մենք` քո հետ միասին փորձում ենք փշրել այն կարծրատիպերը, որոնք խանգարում են մեզ ազատ շնչելու, ստեղծագործելու, զարգանալու` չվերացնելով շրջակա միջավայրը:
Այսօր զարգացման անվան տակ ոչնչացվում են հսկայական լեռնաշղթաներ`ոսկու, մահաբեր ուրանի, մոլիբդենի, պղնձի, երկաթի, արծաթի եւ այլ մետաղների կորզման, գերշահույթ ստանալու նպատակով:
Այսօր այդ նույն զարգացման կամ աշխատատեղերի բացման նպատակով հենց հայի ձեռքերով հօդս են ցնդում կուսական վայրի անտառներ` դարձնելով մեր երկիրը ամայի, անմարդաբնակ ու անշունչ:
Գնալով քարտեզի վրա ավելանում են սեւ խոռոչներ` իբրեւ մահվան օղակ իր մեջ ներառելով ողջ Հայաստանը:
Հանքարդյունաբերության ծանր հետեւանքները արդեն պարզ երեւում են մեր սերունդների վրա` անոմալ ծնունդների, ֆիզիկական մտավոր արատների, վիժվածքների, անպտղության տեսքով:Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Ըստ 2005թ. հրապարակված մի զեկույցի` Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում անոմալ ծնունդների թվով երկրորդն է Ղրղզստանից հետո
Երբեմնի բիբլիական Հայաստանը իր բերի արարչական հողով դառնում է չբեր, թունավոր եւ վտանգավոր մարդու վերարտադրման համար:
Էսպես այլեւս շարունակվել չի կարող, մենք խախտում ենք երկրագնդի հավասարակշռությունը, արդյունքում վերացնում ենք ինքներս մեզ: Ոչնչացնելով կյանքի համար կարեւորագույն տարերքները, մենք բռնություն ենք գործադրում մեր, մեր սերունդների կյանքի նկատմամբ:
Այսօր բնապահպանությունը ընկալվում է որպես շարժում կառավարության, իշխանությունների դեմ, ուստի շատ վախեցած արվեստագետներ , մտավորականներ շարունակաբար լռում են, որն այս պարագայում աններելի է:
Բայց մեր ուզածն ընդամենը ներդաշնակվելն է, բնության օրենքների հետ համահունչ ապրելնէ, լիարժեք քաղաքացի դառնալն է, արարելն ու չվնասելն է:
Ու դրա համար մենք պատրաստ ենք պայքարել մինչեւ արդյունք, քեզ հետ միասին:
Խնդրում ենք ԶԱՐԿ տուր հայ հասարակությանը, կառավարությանը, սփյուռքահայությանը քո կոչերով, երգերով, ոգեշնչող խոսքով կամ խոսուն լռությամբ:
Զարկ տուր, թող հայ մարդը դադարի կտրել այն ճյուղը, որի վրա նա նստած է:
Ոտքի հանի’ր հազարավոր բանակներ, արթնացրու քնածներին, հանուն Կյանքի, Բնության, Լինելիության»:




























