Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 14-ին մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Հանրապետության ղեկավարի խոսքով, հայ երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումը եւ դրա հետեւանքով մրցունակության բարձրացումը մեր երկրի կարեւորագույն խնդիրներից է:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բնական քիչ պաշարներ ունի եւ պետք է նախ՝ շատ զգուշորեն եւ խնայողաբար վերաբերվել այդ պաշարներին եւ երկրորդ՝ կարողանալ մտավոր ծառայություններ մատուցել եւ՛ մեր հասարակությանը, եւ՛ տարածաշրջանին, եւ՛ աշխարհին, ինչն անհնար է առանց այսպիսի կենտրոնների գործունեության: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ոգեւորված է կենտրոնի բացմամբ եւ վստահություն է հայտնել, որ ծրագիրն ունենալու է շատ կոնկրետ արդյունքներ եւ նշանակություն Հայաստանի համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տեր եւ տիկին Սիմոնյանների աշխատանքը ոչ միայն շնորհակալության, այլ նաեւ խրախուսանքի է արժանի, որովհետեւ բացի իր կիրառական նշանակությունից այն նաեւ շատ լավ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր մեծ ջանքերի շնորհիվ կարողացել են հաջողությունների հասնել իրենց ոլորտում եւ հիմա ժամանակն է, որ իրենց հաջողություններից մի փոքրիկ մասնիկ փորձեն կիսել հայրենիքի հետ:

Թումո կենտրոնում Հանրապետության ղեկավարը հանդիպել է նաեւ ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Սերժ Թանկյանը խոսել են երգչի ստեղծագործական եւ հասարակական գործունեության մասին: Ամերիկահայ ռոք երաժիշտը վստահեցրել է, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը:  Երգիչը նաեւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանում կկայանա «System of a Down» խմբի համերգը:

Հանրապետության ղեկավարը Սերժ Թանկյանին մաղթել է ստեղծագործական հետագա հաջողություններ եւ շնորհակալություն հայտնել նրա հայանպաստ գործունեության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ Թումո կենտրոնի բացման առթիվ կազմակերպված համերգին: