Եգիպտոսում այսօր` օգոստոսի 15-ին, շարունակվելու է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա մեղադրվում է հակակառավարական ակցիաների մասնակիցների մասսայական սպանությունների եւ կաշառակերության մեջ: Մեղադրական դատավճռի կայացման դեպքում Մուբարաքին մահապատիժ է սպառնում:

Նախորդ դատալսման ժամանակ` օգոստոսի 3-ին, Մուբարաքը ժխտել էր իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները:

«Ես ժխտում եմ բոլոր այդ մեղադրանքները»,- ասել էր Եգիպտոսի նախկին նախագահը, ում դատարանի դահլիճ էին բերվել պատգարակի վրա:

 Մեղադրյալների աթոռին են նաեւ Մուբարաքի երկու որդիները` Ալիան  եւ Գամալը, ովքեր մեղադրվում են կաշառակերության մեջ: Նրանք եւս չեն ընդունում իրենց մեղքը: