ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միշել Բաքմանը օգոստոսի 13-ին հաղթել է Այովայի Էյմս քաղաքում անցկացված նախնական փրայմերիզներում` լրջորեն շրջանցելով մյուս թեկնածուներին:

Մինեսոտայից ընտրված կին կոնգրեսականի օգտին քվեարկել են հարցվածների 28,5 տոկոսը, երկրորդ տեղը զբաղեցրել է կոնգրեսական Ռոն Փոլը, իսկ երրորդ տեղում եղել է Թիմ Փոլենթին: 

Վերջինս հրաժարվել է հետագա պայքարից: Բաքմանը հաղթել է մյուս հանրապետական թեկնածուներին, բացառությամբ մյուս երկու հիմնական ֆավորիտների` Միթ Ռոմնիի եւ Տեխասի նահանգապետ Ռիք Փերիի, որոնց անունն այս անգամ ընդգրկված չի եղել հարցաթերթիկների մեջ: Վերլուծաբանների կարծիքով, հենց վերջին երկուսի եւ Բաքմանի միջեւ էլ ընթանալու է հիմնական պայքարը: Առաջին գլխավոր փրայմերիզը կայանալու է 2012թ. փետրվարին:

Նշենք, որ Միշել Բաքմանը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում բազմիցս աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերին:

2006 թվականից ի վեր՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելուց հետո, մասնավորապես, Միշել Բաքմանը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերից մեկի համահեղինակը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին իր ամենամյա ուղերձներում «որպես ցեղասպանություն բնորոշել 1.5 միլիոն հայերի սպանդը» եւ հիշատակել այդ ցեղասպանությանը ընդդիմանալու ԱՄՆ փորձերը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ,  2009 թվականին Բաքմանը նաեւ համաձայնություն է հայտնել փաստաթղթին, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին  Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձնել պաշտոնական քաղաքականություն եւ երաշխավորել այս հարցի նկատմամբ համարժեք վերաբերմունքն ու դիրքորոշումը ԱՄՆ արտաքին քաղաքականության բնագավառում:

ԱՄՆ  նախագահական ընտրությունները կայանալու են 2012թ. նոյեմբերին։