«Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ` օգոստոսի 14-ի երեկոյան տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հնչած կրակոցներից «N3 կլինիկական հիվանդանոց» է տեղափոխվել երկու անձ: «N3 կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Լեւոն Ղարիբջանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վիրավորներից մեկն ունի ազդրի կոտրվածք, իսկ մյուսը` երկու ոսկորների: Երկու վիրավորներն էլ տղամարդ են, բայց տարիքը եւ ինքնությունը բժիշկը չնշեց:
«N3 կլինիկական հիվանդանոցում» այժմ գտնվում է երկու ոսկորների կոտրվածք ունեցող տղամարդը, ում վիճակը Լեւոն Ղարիբջանյանը գնահատեց միջին ծանրության: «Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա:
Իսկ ազդրի կոտրվածք ունեցողին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, քանի որ իրենց հիվանդանոցում համապատասխան վիրահատություն հնարավոր չէ կատարել: «Արմենիա» բ/կ-ի տրավմատալոգիայի բաժանմունքից մեզ հայտնեցին, որ վիրավոր տղամարդուն ուղարկել են ռենտգենի եւ դեռ չեն կարող ասել, թե ինչպես է նրա վիճակը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ` օգոստոսի 14-ի երեկոյան, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց կրակոցների տեղեկությունը, եւ հայտնեց, որ երկու անձի տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ ոստիկանության, այս պահին առկա տեղեկություններով, տեղի ունեցածը միայն պատահականության արդյունք է:
Նշենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:




























