ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան Միջին Արեւմուտք նախընտրական շրջագայության մեկնել է մգեցված ապակիներով նոր սեւ զրահապատ ավտոբուսով։
Նմանօրինակ փոխադրամիջոցի արժեքը 1,1 մլն դոլար է։ Սա այն երկու փոխադրամիջոցներից մեկն է, որոնք ձեռք է բերել ԱՄՆ գաղտնի ծառայությունը երկրի առաջին դեմքերի տեղաշարժման համար։
Օբաման մտադիր է երեք օրերի ընթացքում այցելել Մինեսոտա, Այովա եւ Իլինոյս նահանգներ։ Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էդ Դոնովանի խոսքով, ավտոբուսներից մյուսը ցանկացած պահի կարող է տրամադրվել նախագահի Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուին։ Սակայն քանի որ ավտոբուսները հանդիսանում են կառավարության ավտոպարկի մի մասը, արգելվում է դրանց վրա նախընտրական խորհրդանշաններ եւ կարգախոսներ պատկերել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։




























