Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 16-ին մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում օգոստոսի 17-ից 19-ը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո կայանալիք գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա համաժողովի թեման է «Միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը աղետների հետեւանքների վերացման ժամանակ»:

Այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպելու է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվելու են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությանն առնչվող հարցերը: ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Երեւան է վերադառնալու օգոստոսի 20-ին: