Կիեւի քաղաքապետը հանուն մեկ այլ կնոջ բաժանվելու է իր տիկնոջից` Ալինա Այվազովայից, 35 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո:

Կան ասեկեսեներ, որ Չերնովեցկի եւ Այվազովի ամուսնալուծության պատճառն, իբր, քաղաքապետի սիրուհին է եղել, հաղորդում է «Ֆոկուս. UA.»-ն:

Ուկրաինական «Սեգոդնյա» թերթը հաղորդել է, որ Չերնովեցկյան զույգը արդեն 7 տարի է, ինչ առանձին է ապրում, ամուսինները նույնիսկ առանձին բնակարաններում են գրանցված:

Աղբյուրը հայտնում է, որ լուրեր են պտտվում այն մասին, որ Լեոնիդ Չերնովեցկին արդեն մի քանի տարի է` ինչ հարաբերություններ ունի ոմն Ելենայի հետ, ում հայրը հոգեւորական է:

«Ալինան արեւելյան կին է: Նա երկար տարիներ համբերել է, աչք է փակել, բայց, ի վերջո, պայթել է: Դա շատ տհաճ պատմություն է, ես խիստ կասկածում եմ, որ նրանք կմիանան»,-«Սեգոդնյա»-ին հաղորդել է Չերնովեցկների ընտանիքի մտերիմ անձնավորություններից մեկը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Կիեւի Պեչերյան դատարանը պետք է դիտարկեր ամուսնալուծության հայցը, որը ներկայացրել էր Լեոնիդ Չերնովեցկիի կինը` Ալինա Այվազովան: Այժմ Այվազովան բուժվում է ԱՄՆ-ում: Այնտեղ է նաեւ նրա դուստրը` Կրիստինան, ով վերջերս եւս բաժանվել էր ամուսնուց` Վյաչիսլավ Սուպրունենկոյից: Վերջինս Լեոնիդ Չերնովեցկիի խմբավորումից էր եւ Կիեւի քաղաքային խորհրդի պատգամավոր էր:

Լեոնիդ Չերնովեցկին Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց 100-յակի մեջ է մտնում: Այդ տարի ուկրաինական «Ֆորբս»-ը նրա կարողությունը գնահատել է 745 միլիոն դոլար (100-ից 15-րդ տեղը): Սակայն Չերնովեցկիի ընդդիմադիրները պնդում են, որ քաղաքապետը շատ ավելի հարուստ է, նրա կարողությունը կարելի է գնահատել մի քանի միլիարդ դոլար:

Ալինա Այվազովան Թբիլիսիի հայ է: