Հուլիսի 7-ին Երեւանում տեղի է ունեցել «Made in Armenia» ՀԿ-ի շնորհանդեսը, որի շրջանակում ներկայացվել է բլոքչեյն եւ բիզնես-աքսելերատոր տեխնոլոգիաների ներդրման հիման վրա ֆինանսավորման գործիքի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքը՝ ուղղված Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի աջակցությանը, քննարկվել են հայկական արտահանման խնդիրները։
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ կառավարության կողմից առաջիկայում կարեւոր շեշտադրում է արվելու մասնավոր սեկտորի եւ պետության միջեւ երկխոսության զարգացման վրա, այդ կապը պետք է ինստիտուցիոնալացնել։
Փոքր եւ միջին ձեռներեցությունը կարեւոր է ոչ միայն աշխատատեղերի ստեղծման, այլեւ ժողովրդավարական զարգացման համար, քանի որ առանց միջին դասի դա անհնար է։
Այս ճանապարհին խնդիրների երկու խմբերից առաջինը տնտեսության արտադրողականության բարձրացումն է նոր տեխնոլոգիաների, բարձրորակ կադրերի, թվայնացման ներդրման ճանապարհով։
Երկրորդ խումբը բիզնեսի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացումն է։
Տնտեսական դիվանագիտություն
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանի կարծիքով՝ Հայաստանը չի կարողացել այնպես անել, որպեսզի տնտեսական դիվանագիտության ինստիտուտը կայանա։
Նա ընդգծել է մասնագետերի պատրաստման կարեւորությունը, որոնք կկարողանան ներկայացնել մեր արտադրանքը արտասահմանում եւ կօգնեն գտնել սպառման շուկաներ։ Կառավարությունը փորձում է ներգրավել որակյալ կադրեր, որպեսզի ստեղծի խմբեր, որոնք կզբաղվեն հայկական արտադրանքի մարքեթինգով։
Մեր խնդիրները արտահանման հարցում կապված են նաեւ ծավալների հետ, գոյություն ունի լոգիստիկայի խնդիրը, այդ ուղղությամբ, ըստ փոխնախարարի, նույնպես աշխատանք է կատարվում։
Արտահանման մասով մշակվում է նաեւ փոփոխությունների փաթեթ, որի իրականացումը կարող է ապահովել այդ ցուցանիշի էական աճ։
Ներդրումների խթանման հարցում կարեւոր է մտածել նաեւ, որպեսզի արտադրանքի մի մասը արտահանման կողմնորոշում ունենա, քանի որ ամեն բան Հայաստանի ներսում սպառելն անհնար է։
Որակավորված մասնագետներ
«Երբ խոսում ենք արտահանման մասին, խոսքն ապրանքի, անգամ ոչ որակյալ ապրանքի մասին չէ, պետք է գնահատել մարդկանց, որոնք զբաղվում են առեւտրով: Դա շատ կարեւոր է, որքան էլ դու փորձես զբաղվել բրենդինգով: Այսօր արտահանման շղթայում ամենակարեւոր դերը զբաղեցնում է ոչ թե վաճառողը, այլ այն մարդը, որը տիրապետում է առաջարկի եւ պահանջարկի մասին տեղեկատվությանը»,- ընդգծել է «Արտահանում Հայաստան» ՀԿ համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանը:
Հայ արտահանողների համար թիրախ պետք է լինի այն երկիրը, որտեղ ապրանք կարելի է երկար վաճառել: Պետք է ներգրավել մասնագետների, որոնք ծանոթ են ռուսական մշակույթին ու ռուսաց լեզվին: Բրենդինգով եւ վաճառքով պետք է զբաղվեն մասնագետները, որոնք տարբերում են նպատակային գնորդներին եւ կարող են հարցեր լուծել:
Եթե մենք 3 տարվա ընթացքում չկարողանանք նախապատրաստել 500 մարդու, որոնք կարողանան բանակցություններ վարել 3-4 լեզուներով եւ տիրապետեն թվային էկոնոմիկայի գիտելիքներին, ապա շոշափելի առաջընթաց չի լինի:
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը կոչ է արել երկրի մարզերում միջին մասնագիտական կրթության ուսումնարաններ բացել, քանի որ ոչ բոլորը կարող են ստանալ բարձրագույն կրթություն եւ մեկնել քաղաք: «Այդ մարդիկ նույնպես պետք է գտնեն իրենց այս կյանքում»,-նշել է նա:
«Վերին Լարսի» մշտական խնդիրը
Արզաքանցյանը կոչ է արել նաեւ լուծել Վերին Լարսի անցակետում հերթերի խնդիրը՝ հիշեցնելով այն դժվարությունների մասին, որոնց արդեն բախվել են արտահանողները:
Ի պատասխան այդ քննադատության՝ Արզումանյանը վստահեցրել է, որ ռուս եւ վրացի գործընկերների հետ աշխատանքներ են տարվում խնդրի արմատական լուծման ուղղությամբ. «Աշխատում ենք գիշերուզօր»,-ասել է փոխնախարարը:
Ինչ վերաբերում է լաստանավային փոխադրումներին, որոնք դեռեւս չեն գործում, Արմեն Արզումանյանը հայտնել է, որ լինելու է երկու, հնարավոր է երեք լաստանավ ինչպես վագոնային, այնպես էլ կոնտեյներային փոխադրումների համար:





























