«Մինչեւ 2008 թվականի օգոստոսյան պատերազմը Վրաստանը գնում էր ժողովրդավարության զարգացման ուղղով, իսկ պետության ղեկավարները ձգտում էին արեւմուտքի ուշադրությունը կենտրոնացնել Հարավային Կովկասի վրա»,- այս մասին Deutsche Welle մեդիաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբաչը, հայտնում է վրացական «Journalist.ge» գործակալությունը։

Նրա խոսքով, Վրաստանում  ներկայիս վիճակը արմատապես փոխվել է։

«Այսօր Վրաստանում նվազում է ՆԱՏՕ անդամագրվելու ձգտողների թիվը, սակայն ավելանում են Եվրամիություն մտնելու եւ տարածաշրջանային համագործակցության խորացման կողմնակիցների թիվը»,- ընդգծել է գերմանացի քաղաքագետը։

Բիոլի ֆոնդի փորձագետ Վոլտեր Կաուփմանը կարծում է, որ Վրաստանի ղեկավարությունը չարաշահում է Վրաստանի աշխարհագրական դիրքի կարեւորությունը։

«Ճիշտ է, Վրաստանը կարեւոր պետություն է համարվում, չնայած նրան, որ այն այլեւս չի համարվում «Ժողովրդավարության փարոս»։ Սակայն փաստ է նաեւ այն, որ աշխարհը կենտրոնացած է այլ հակամարտության տարածաշրջանների վրա եւ Կովկասին տրամադրում է ավելի քիչ ժամանակ եւ ռեսուրս»,- ընդգծել է փորձագետը։

Բեռլինի ազատ համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Կլաուս Զեգբերի կարծիքով, Վրաստանը ոչ կայուն եւ անորոշ զարգացմամբ իր հարաբերությունները վատթարացրեց ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ, ինչը հնարավոր է արեւմուտքի կողմից դառնա Վրաստանի մեկուսացման նախապայման։

Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին, ապա փորձագետների կարծիքով, երկու պետությունների հարցերը հնարավոր է լուծել միայն բանակցությունների շնորհիվ, չնայած նրան որ այսօր բանակցությունների անցկացման հավանականությունը ցածր է, քանի որ Ռուսաստանը չի ուզում գործ ունենալ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ։

«Սահակաշվիլին շատ նման է Վրաստանին, իսկ Պուտինը՝ Ռուսաստանին։ Երկու դեպքում էլ ամբողջական քաղաքական երկխոսությունը կախված է նրանից, կպահպանի արդյոք ներկայիս ղեկավարող գունդը իր իշխանությունը, թե ոչ»,- հայտարարել է գերմանացի փորձագետ Վոլտեր Կաուփմանը։